Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին

11 Ապրիլ, 2018 21:07
ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է , թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,- ասել էր նա:

 

Լրահոս

Դիտել ավելին