Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վերաբերյալ ԱԶԲ կանխատեսումները ենթադրում են կառուցվածքային բարեփոխումների արագացում

11 Ապրիլ, 2018 20:41
Հայաստանի վերաբերյալ ԱԶԲ կանխատեսումները ենթադրում են կառուցվածքային բարեփոխումների արագացում

Ասիայի զարգացող տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը: A յս մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Ասիայի զարգացման հեռանկարները»  նոր զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «Հայաստանում անցած տարի աճն արագացել էր հզոր ներքին և արտաքին պահանջարկի շնորհիվ՝ կազմելով 7.5 տոկոս 2016 թվականին գրանցված մոտ զրոյական աճից հետո: Ակնկալվում է, որ 2018-ին աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.2 տոկոս, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 3 տոկոսից ցածր և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Այս կանխատեսումները ենթադրում են շարունակական բարենպաստ արտաքին միջավայրի առկայություն և կառուցվածքային բարեփոխումների արագացում՝ կառավարման բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների և արտահանման խթանման նպատակով: Շարունակվող հարկաբյուջետային համախմբումը կարևորագույն դերակատարություն ունի պետական պարտքի նվազեցման գործընթացում»,-ասված է զեկույցում:

Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱԶԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արտադրանքի աճ, որը 2018թ.-ին կհասնի 6.0 տոկոսի, իսկ 2019թ.-ին՝ 5.9 տոկոսի, ինչը 2017թ.-ին գրանցված 6.1 տոկոսից մի փոքր ցածր է: Բացառությամբ բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունների՝ ակնկալվում է, որ 2018-ին աճը կկազմի 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 6.4 տոկոս՝ ի համեմատ 2017-ի 6.6 տոկոսի:

Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ 2018-ին ԱՄՆ-ն, եվրագոտին և Ճապոնիան հավաքականորեն կաճեն 2.3 տոկոսով, նախքան աճի տեմպը կդանդաղի՝ 2019-ին կազմելով 2 տոկոս: Չինաստանում աճը 2018-ին կդանդաղի՝ կազմելով 6.6 տոկոս, իսկ 2019-ին` 6.4 տոկոս 2017-ին գրանցված 6.9 տոկոս կազմող արագ աճից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին