Կարևոր իրադարձություններ

Սպորտի բնագավառում նվաճումներ ունեցողների տարկետման հարցը՝ կառավարության օրակարգում. «Փաստ»

11 Ապրիլ, 2018 09:17
Սպորտի բնագավառում նվաճումներ ունեցողների տարկետման հարցը՝ կառավարության օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրենքով առաջին անգամ սահմանվել են այն բնագավառները, որոնցում գործունեություն ծավալող և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:

Այս մասին «Փաստ»–ը տեղեկանում է կառավարության առաջիկա նիստում ընդգրկված որոշման նախագծից: Այն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին է: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ՊՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Սահմանվել են այն քաղաքացիների ցանկը, որոնք կարող են օգտվել այդ իրավունքից:

Նրանց թվում են օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների, կամ պատանիների) օլիմպիական խաղերում, եվրոպական խաղերում, պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1–5–րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները: Նախագիծը վերաբերում է նաև շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1–5–րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1–3–րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներին: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա–ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում, կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ունիվերսիադայում 1–3–րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Ինչպես նաև՝ տարկետման իրավունք կստանան ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա–ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի արդեն պատանիների առաջնությունում 1–2–րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:

Այդ իրավունքից կարող են օգտվել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկները: Նախագիծը կտարածվի նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկների վրա:

 

Նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում է տրվում չորս տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում երկու տարի ժամկետով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին