Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը

10 Ապրիլ, 2018 14:29
Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը: Նախագահի աշխատակազմը ներկայացնում է հարցազրույցի տեքստը.

ՀԱՐՑ- Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությունը: Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը...

ՊԱՏԱՍԽԱՆ- Իսկապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում: Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը:

Ցանկանում եմ նաև ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաև այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ-ռուսական համագործակցության ողջ համալիրը: Մեր հարաբերությունների զարգացման մեջ էական տեղ է հատկացված նաև Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև միջտարածաշրջանային համագործակցությանը:

Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռք բերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տեղի են ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում: Միաժամանակ, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք:

Ամենակարևորը՝ մեր հարաբերություններն ունեն ամուր, հուսալի պատմական հիմք, փառահեղ ընդհանուր պատմություն, երբ ուս ուսի տված, միասին կրել ենք մեզ բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: Այդ ավանդույթները պետք է հոգատարությամբ պահպանենք, հարստացնենք ու անընդհատ բազմապատկենք:

Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկային շփումների ընդլայնմանը, մեր քաղաքացիների շփումներին, հատկապես՝ երիտասարդության: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որ արդեն տարուց ավելի գործում է, էապես հեշտացրել է այդ շփումը: Դա նաև արտացոլում է այն խորը զգացմունքները, որ առկա են մեր ժողովուրդների միջև:

Մեր նվաճումն ու հպարտությունը Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի՝ մեր ընդհանուր ու փառահեղ Հաղթանակի պատմական հիշողությունն է: Հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում է ունեցել այդ նվաճման մեջ. Մեծ Հայրենականի ճակատներում կռվել են Հայաստանի 600 հազար որդիներ, որոնց կեսը՝ 300 հազարը ռազմաճակատից տուն չի վերադարձել...

Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ երկու գործիչների, ում անունն անխզելիորեն կապված է Հաղթանակի հետ: Դա Խորհրդային Միության կրկնակի Հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն է ու ականավոր հետախույզ, Խորհրդային Միության Հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանի հետ պատիվ եմ ունեցել հանդիպել, երբ ուսանող էի և հռչակավոր զորավարն այցելել էր Երևանի պետական համալսարան: Գևորգ Վարդանյանի ու նրա տիկին, համախոհ ու մարտական ընկեր Գոհար Վարդանյանի հետ բարեկամացել են ծնողներս, ընտանիքներով՝ 1940-ականներին, երբ ապրում էին Իրանում: Ջերմությամբ եմ հիշում իմ անմոռանալի հանդիպումներն այդ արտասովոր անձանց հետ թե Մոսկվայում, թե Երևանում: Այժմ, երբ Գևորգ Վարդանյանն այլևս մեզ հետ չէ, ձգտում եմ ավելի հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ երբ լինում եմ Մոսկվայում, անպայման այցելում եմ նրան:

Առհասարակ՝ բոլորս անհատույց պարտք ունենք Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հանդեպ: Առանց նրանց ակտիվ մասնակցության դժվար է պատկերացնել երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը: Ես ու իմ սերունդը շատ բան ենք նրանցից սովորել, ու մեր պարտքն է դա երիտասարդությանը փոխանցելը:

ՀԱՐՑ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր ունեն մեր մշակութային ու հումանիտար կապերը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Մշակութային կապերը, հումանիտար ոլորտում համագործակցությունն էականորեն լրացնում են ու հարստացնում են մեր երկրների բազմակողմ ու բազմաշերտ հարաբերությունները: Մենք հաստատակամորեն պետք է ընդլայնենք հայ-ռուսական փոխգործակցության այդ ոլորտը: Ցուցահանդեսները, համերգները, շրջագայությունները, համատեղ մշակութային, գիտական, կրթական, հումանիտար նախագծերը, ուսանողների և բուհերի դասախոսների շփումներն ու փոխանակումները, գիտական փոխանակումները պետք է էականորեն ընդլայնեն մեր կապերը, դրանց նոր դինամիկա ու որակ հաղորդեն: Այս համատեքստում կցանկանայի հատուկ ընդգծել, որ հարյուրավոր երիտասարդ մասնագետներ կրթություն են ստանում ու իրենց գործում վարպետանում են հենց ռուսական բուհերում՝ այն քվոտաների շրջանակներում, որ տրամադրում է ՌԴ կառավարությունը:

Ուրախալի է, որ վերջին տարիներին մեր մշակութային-հումանիտար կապերն ինտենսիվ կերպով զարգացել են, անց են կացվել Հայաստանում Ռուսաստանի մշակութային օրեր և Ռուաստանում Հայաստանի մշակութային օրեր, որոնք առանձնացել են խոշոր միջոցառումներով: Այսօր Երևանում հաջողությամբ գործում են Հայ-ռուսական համալսարանը և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը:

Բացի այդ, ժամանակակից ռուսական գիտության մեջ բազմաթիվ հայտնի հայկական անուններ կան, ովքեր լայն ճանաչում են գտել, հարստացրել են ռուսական ու համաշխարհային գիտությունը նոր հայտնագործություններով, խոշորամասշտաբ գիտական արդյունքներով: Նրանք արժանի հետնորդներն են այնպիսի հռչակավոր գիտնականների, ինչպիսիք են ակադեմիկոսներ Հովսեփ և Լևոն Օրբելիները, Աբրահամ Ալիխանովն ու Արտեմ Ալիխանյանը, Նորայր Սիսակյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը և շատ ուրիշներ:

ՀԱՐՑ - Ե՞րբ եք նախատեսում Ձեր առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն:

- Ես դեռ նոր եմ ստանձնելու նախագահի պաշտոնը (ծիծաղում է): Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին:

ՀԱՐՑ - Ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղյան կարգավորման վիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել:

Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսասատանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի:

ՀԱՐՑ - Դուք դարձաք նախագահ, երբ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ եք, Հայաստանի քաղաքական նոր համակարգը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական ձևին, որը սկզբունքորեն մեզ մոտ գործում էր նաև մինչև 1991թ. առաջին նախագահական ընտրությունները: Սակայն հիմա մեզանում միանգամայն նոր իրավիճակ է, և հանրապետության նախագահին, որին ընտրում է խորհրդարանը, հատուկ տեղ է վերապահված: Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման ուղղությամբ ողջ իշխանությունն աշխատի:

Այո, քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտի միջև: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջև, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին:

Մինչ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում համաձայնություն տալը ես բազմաթիվ արդյունավետ քննարկումներ ունեցա քաղաքական ուժերի, Սփյուռքի, հասարակության ու մտավորականության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, թե ժամանակակից Հայաստանի համար որքան արդիական է, որքան կարևոր է լսելու և ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը:

ՀԱՐՑ - Ձեր հարցազրույցներում ասում եք, որ ցանկանում եք տեսնել «նոր Հայաստան՝ նորացված ու երիտասարդ ոգով՝ 21-րդ դարին համապատասխանող»:

ՊԱՏԱՍԽԱՆ- Հայ հասարակության առաջնահերթություններից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը: Ասելով երիտասարդություն՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, որքան ներքին հոգեվիճակը, ըստ որում՝ նկատի ունենալով նաև ինձ (ժպտում է). որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված՝ մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են պահանջված: Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի և բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ:

Ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձևաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ: Դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոնը, «Սինոփսիս Հայաստան» ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները: Վստահ եմ, որ այդ միտումը պետք է հետևողականորեն զարգացնել:

Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը: Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը:

ՀԱՐՑ - Ինչպիսի՞ն է կնոջ դերը հայ հասարակության մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Գեղեցիկ կեսն ակտիվ մասնակցում է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին՝ չհաշված ավանդական «կանացի» ոլորտները՝ առողջապահություն ու կրթություն: Մեզանում կանայք կան կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր: Իհարկե, ժամանակակից հասարակության մեջ կնոջ դերը պետք է ամեն կերպ ընդլայնել ու մեծացնել:

Ցանկանում եմ արժանին հղել հայ կնոջը՝ տիկնոջը, մորը, դստերը, քրոջը: Կինն ազգի առանցքն է, ողնաշարը, և ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Շատ ուրիշ երկրներում ևս նույնիսկ ամենածանր ժամանակ, կանայք վստահորեն իրենց ուսերին են կրում ընտանիքի, հանրության հիմնական բեռը:

ՀԱՐՑ - Հայերը պատմականորեն սփյուռք ունեցող ազգ են: Հինավուրց ժողովուրդը դարեր շարունակ տարածվել է մոլորակով մեկ՝ Եվրոպայից մինչ Ավստրալիա, Աֆրիկայից մինչ Ամերիկա: Ի՞նչ եք մտադիր առաջարկել արտասահմանի հայրենակիցներին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայ վաճառականները, առևտրականները վաղնջական ժամանակներից առևտրային կապեր են հաստատել հեռավոր երկրներում՝ Հնդկաստանից մինչ Իրան, Ամերիկա ու Ավստրալիա, վստահորեն «յուրացրել են» նոր երկրներն ու աշխարհամասերը: Սակայն արտերկրի հայկական Սփյուռքի հիմնական հատվածը ձևավորվել է, երբ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերը ցեղասպանության ենթարկվեցին: Այսօր մեր հայրենակիցները գործնականում ապրում են բոլոր աշխարհամասերում, աշխարհի 100 երկրներում, նրանք ակտիվ մասնակցում են իրենց կացության երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքին: Չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն հայկական պետության աջակցությունն արտերկրում ապրող հայրենակիցներին, այլև Սփյուռքի լայն ներառումը Հայաստանի կյանքին: Ես ինքնս մոտ 30 տարի ապրել եմ արտերկրում, ու միայն լսածով չէ, որ տեղյակ եմ սփյուռքի հոգսերի, ակնկալիքների և խնդիրների մասին:

ՀԱՐՑ - Ինչպե՞ս եք Դուք մտադիր ազդել երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում ձեռնարկել, որպեսզի կարողանաք դրամական հոսքեր ներգրավել և դրանք երկրում պահել:

ՊԱՏԱՍԽԱՆ - Որպեսզի արտասահմանյան ներդրումները Հայաստան բերվեն, անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել: Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել: Պետք է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաև՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից:

ՀԱՐՑ - Ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանը Ձեզ համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ինձ համար Ռուսաստանը նախևառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն: Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների և, մասնավորապես, ինձ համար եղել և մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարևոր դեր են խաղացել աշխարհայացքի ձևավորման գործում: Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության և իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-85թթ-ին ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով:

Օգտվելով առիթից՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինին անկեղծորեն մաղթում եմ նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման գործում:

Որպես Հայաստանի նախագահ՝ ես, անկասկած, իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը:

Որպես եզրափակում՝ «ՏԱՍՍ» գործակալության ընթերցող լսարանին կցանկանայի մաղթել խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին