Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին

09 Ապրիլ, 2018 19:09
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 9-ին հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններին, ովքեր Երևանում են ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով դեսպաններին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։

Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:

Քննարկվեցին Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։

ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ուղղություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերրը:

Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին