Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր

09 Ապրիլ, 2018 18:43
Արա Բաբլոյանը Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխնախագահի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է 2017 թվականի մայիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Քաթար, որը շրջադարձային նշանակություն է ունեցել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորման անհրաժեշտությանը:

Զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ կառավարության՝ նախորդ տարվա հունիսի որոշմամբ Քաթարի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել Քաթարի Պետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և հույս հայտնել, որ հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով:

Մուհամմադ ալ-Սուլեյթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան են այցելել Քաթարի էմիրի շնորհավորանքները ՀՀ նորանշանակ նախագահին փոխանցելու համար: Ալ-Սուլեյթիի խոսքով՝ Քաթարում բարձր են գնահատում հայերին և Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանում հայկական համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքից:

Փոխնախագահը փաստել է, որ ակնհայտ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Մուհամմադ ալ Սուլեյթին ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ առաջիկայում կավարտվեն միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովների ձևավորման աշխատանքները և հույս հայտնել, որ դա լրացուցիչ ազդակ կդառնա միջխորհրդարանական գործակցության խորացման համար:

Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահը հայ ժողովրդին մաղթել է հաջողություն և առաջընթաց:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահին հրավիրել է Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին