Կարևոր իրադարձություններ

Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում

07 Ապրիլ, 2018 11:52
Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահովելուն ուղղված հարցերին։
Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի:

Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։

Երկուստեք ընդգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը  հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետ մեխանիզմներ մշակել:  
Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելով որպես փորձի փոխանակման լավ հարթակ:
Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում  և  2030թ. տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին