Կարևոր իրադարձություններ

Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթին շարունակվում է առ այսօր. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

07 Ապրիլ, 2018 09:52
Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթին շարունակվում է առ այսօր. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա։

Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է լինելու նաև ապագայում։

Դեռևս Ավարայրից սկսած՝ հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, հայրենիքը, հավատը։ Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձևը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել հայրենիք և հավատ։

Ի նշան հարգանքի և ակնածանքի՝ այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջև, ովքեր ծնում և դաստիարակում են կորյուններ:

 
 

Նաև երախտագիտություն ենք հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի և շենացման գործում:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հպարտություն ներշնչող զավակներ, երջանկություն և խաղաղ երկինք»,–ասված է պետության ղեկավարի շնորհավորական ուղերձում։

 

Լրահոս

Դիտել ավելին