Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պատժամիջոցի ուշագրավ ստվերը Հայաստանի վրա․ Ժամանակ

07 Ապրիլ, 2018 08:32
ԱՄՆ պատժամիջոցի ուշագրավ ստվերը Հայաստանի վրա․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ իր պատժամիջոցների ցանկ է ներառել ռուսաստանցի մոտ 3 տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների, որոնք համարվում են Պուտինի մերձավորներ: Դա, այսպես ասած, Կրեմլի ցուցակի մեջ ներառված մոտ 200 անձանց շարքից է, որոնք պատժամիջոցների, այսպես ասած, հավակնորդներ էին: Հիշեցնենք, որ այդ ցանկում էին նաեւ հայեր, այդ թվում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը երեք հայերից միակն է, որ սերտ եւ անմիջական առնչություն ունի հայաստանյան իրադարձություններին եւ, ըստ էության, Հայաստանի խաղացող է նաեւ:

Իհարկե, հազիվ թե բանը հասնի նրան, որ ԱՄՆ պատժամիջոց կիրառի նաեւ Կարապետյանի հանդեպ, սակայն միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ գործընթացն իր ազդեցությունը կթողնի նաեւ նրա հանդեպ, այնքանով, որքանով ազդեցություն է ունենալու Ռուսաստանի իշխանական վերնախավի եւ նաեւ տնտեսական իրավիճակի վրա:

Մյուս կողմից, սակայն, ամիսներ առաջ, երբ Սամվել Կարապետյանը ներկայացնում էր իր ներդրումային պլանները Հայաստանում էներգետիկայի հետ կապված, դրան ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, իսկ այդ պլաններում կա նաեւ գործակցություն հորատող ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի հետ, որը կլինի Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրման օրինակ: Սրա տնտեսական նշանակությունն ու էֆեկտը թերեւս այդքան կարեւոր չէ Սամվել Կարապետյանի համար, որքան քաղաքականը եւ ակնհայտ է, որ Կարապետյանը փորձում է Հայաստանում ձեւավորել երկխոսության հարթակ ամերիկյան կողմի հետ Ռուսաստանում ունեցած ռիսկերը չեզոքացնելու համար:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, թե որքանով է դա նշանակություն ունեցել Հայաստանում ապրիլին վարչապետի եւ կառավարության խնդրում Կարապետյանի դերակատարության եւ հավակնությունների վրա, քանի որ մեկ տարի առաջ ակնառու էր, որ նա բավականին հավակնոտ նպատակներ ուներ Կարեն Կարապետյանի վարչապետության առումով, եւ նախընտրական թեժ շրջանում հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին, ասելով, որ վարչապետը ամեն օր գոլ է խփելու: Մինչդեռ, այսօր պարզվում է, որ նա ամեն օր գոլ է բաց թողել:

Ընդ որում հետաքրքիր էր, որ այն օրը, երբ Հայաստանում Կարապետյանները հայտարարում էին ներդրողների ակումբի մասին, Սերժ Սարգսյանն Արցախում էր եւ անում էր ըստ էության կոնտր հայտարարություններ, որ միշտ եղել է եւ լինելու է այնտեղ, որտեղ ամենից պահանջված կլինի անվտանգության խնդիրներին ծառայելու տեսանկյունից: Հետո Սերժ Սարգսյանը եւս մասնակցեց Սամվել Կարապետյանի 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի շնորհանդեսին, որին ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, եւ որին ներկա չէր Կարեն Կարապետյանը:

Սամվել Կարապետյանն ԱՄՆ պատժամիջոցների հավակնորդների ցուցակում հայտնվեց, իհարկե, դրանից ավելի ուշ, սակայն չի բացառվում, որ խնդիրն այստեղ՝ Հայաստանում Կարապետյանի դերակատարումը նաեւ որոշակի վերահսկողության տակ պահելն է, պայմանավորվածություններից շեղում թույլ չտալու համար, որի դեպքում Կրեմլի ցուցակով պատժամիջոցները կարող են ակտիվացվել նաեւ նրա դեմ: Տվյալ պարագայում խոսքը, անշուշտ, իրադարձությունների ծավալման հնարավոր սցենարային վարկածներից մեկի մասին է, որում, իհարկե, հետաքրքիրն այն է, որ փաստացի գործ ունենք մի տարբերակի հետ, երբ հնարավոր է կասեցնել է Հայաստանում խոշոր բիզնեսի իշխանության ուղղակի անցման գործընթացը: Առաջին անգամ այն կասեցվեց 2015-ի փետրվարին, ընդ որում նաեւ Սամվել Կարապետյանի ներգրավմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին