Կարևոր իրադարձություններ

Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ

05 Ապրիլ, 2018 16:56
Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետի հանձնարարականը տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ էր: Կարեն Կարապետյանը, կարևորելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդրումը, նշել է, որ այն պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: «Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդրումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ֆինանսների,տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ: 
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարավել է նաև 3-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։

 

Լրահոս

Դիտել ավելին