Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Նոր աշխատատեղերի ստեղծմամբ մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման. Սերժ Սարգսյան

04 Ապրիլ, 2018 18:29
Նոր աշխատատեղերի ստեղծմամբ մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման. Սերժ Սարգսյան

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:

Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով: Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձևաչափով նախորդ հանդիպման ժամանակ: «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը և մինչև 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը: Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման: Սա չափազանց կարևոր խնդիր է: Մենք այստեղ նաև պետք է նկատի ունենանք զգալի աշխատանք մեր հարկային դաշտում գործերը բարելավելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար: 

Մենք խոսեցինք նաև, որ մեր հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին անցնելը: Կարծում եմ, որ սա ևս շատ կարևոր է, որովհետև եթե մենք ենթադրում ենք կամ կանխատեսում ենք հինգ կամ ավելի տոկոսի աճ, ապա մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ: Եթե մենք մեր հիմնական ուղղություններից մեկը համարում ենք արտահանման խթանումը և արտահանման հաշվին նաև աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է լինենք մրցունակ: Եվ այս առումով ևս մենք պետք է մտածենք, թե երբ ենք սկիզբ դնելու հարկային այս քաղաքականությանը, այսինքն՝ հարկային բեռն ուղղակիից անուղղակի տեղափոխելուն: Եվ ես կարծում եմ, որ երբ մենք ունենանք վերջնական փաստաթուղթ, դրանում պետք է նաև մեզ համար որոշակի ժամանակային թիրախներ սահմանենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը պետք է տեսանելի, հասկանալի և ընկալելի լինի ինչպես կառավարության բոլոր անդամների, այնպես էլ մեր քաղաքացիների համար: Նախագահի համոզմամբ՝ քաղաքացիների սատարման պարագայում գործադրվող ջանքերը շատ ավելի արդյունավետ կլինեն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ նշելով, որ մշակվել է հավակնոտ ու իրատեսական ծրագիր, որում արտացոլված են երկրում տնտեսության և կյանքի որակի փոփոխությունների ուղղությամբ թիրախները և նախատեսվող քայլերը: 
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում զեկուցել են մինչև 2030 թվականը Հայաստանի ռազմավարության նպատակային ցուցանիշներն ու հիմնական մոտեցումները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին