Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին

04 Ապրիլ, 2018 17:07
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին

Երեւանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ  ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից,  պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաեւ ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝  խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է:

Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի բաժնից, իր անձի նկատմամբ վստահություն ձեւավորելու նպատակով Նորայր Մինասյանը տուժողի հետ որպես հանդիպման վայր է ընտրել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքին հարող մերձակա տարածքը, որտեղ էլ փորձել է ստանալ գումարի մնացած մասը, սակայն անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով:

Առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Նորայր Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անցանկալի, այդ թվում` քրեական պատասխանատվություն նախատեսող հետեւանքներից խուսափելու համար նման իրավիճակներում զգոնություն ցուցաբերել եւ զերծ մնալ թվացյալ դյուրին ճանապարհով` պաշտոնատար անձանց միջնորդությունների միջոցով, այսպես կոչված`  հարցեր կարգավորելու գայթակղությունից։

Նորայր Մինասյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24  հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին