Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է 2016թ․ դեկտեմբերին Չինարիի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում զոհվել էր 3 հայ զինծառայող

03 Ապրիլ, 2018 21:30
ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է 2016թ․ դեկտեմբերին Չինարիի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում զոհվել էր 3 հայ զինծառայող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է 2016թ․ դեկտեմբերին Չինարիի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում զոհվել էր 3 հայ զինծառայող: 

Դատարանն ընթացք է տվել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը վերաբերում է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Բիթլիս» զորամասի դիրքերում երեք հայ զինվորի սպանությանը:

ՄԻԵԴ-ին դիմողները 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն ու քույր-եղբայրներն են:

Նրանք Հայաստանի Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող զինվորներն են, որոնք սպանվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին: Դատարանում հայցվորների շահերը ներկայացնում են Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը:

Ամփոփելով դիմումի համաձայն առկա փաստերը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է.

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Չինգիզ Ղուրբանովը հատել է Հայաստանի սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս» զորամաս:

 
 



08:30-ի սահմաններում զինվորներ Նարայանը և Աբովյանը դուրս են եկել խրամատներից և գնացել պետքարան, այնուհետև՝ ջուր վերցնելու:

Երկուսն էլ անզեն են եղել: Կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով, ինչպես ավելի ուշ պարզվել է, մահացել են Նարայանն ու Աբովյանը: Հենակետում գտնվող մյուս զինվորները վազել են կրակոցների ուղղությամբ:

Փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ երրորդ հայ զինվորն է զոհվել՝ Մելիքյանը:

Փոխհրաձգությունից մեկ ժամ անց կրակոցները դադարել են հակառակ կողմից: Հայտնաբերվել են երեք հայ զինվորի և Ղուրբանովի մարմինները:

Վերջինիս կողքին հրացան և փամփուշտներ էին ընկած:  

Հայաստանի Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացրել: Քննիչներն ուսումնասիրել են դեպքի վայրը:

Մահացած զինվորների մարմինների դատաբժշկական փորձաքննությունը, որն սկսվել է 2016-ի դեկտեմբերի 30-ին և ավարտվել 2017-ի մարտին, պարզել է, որ զինվորները մահացել են հրազենային վնասվածքների՝ ստացված կրծքավանդակին և պարանոցին (Նարայան), որովայնին, կրծքավանդակին և աջ ոտքին (Աբովյան) և գլխին (Մելիքյան):

Հայցվորների համաձայն՝ Ադրբեջանն ընդունել է, որ իրենց զինվոր Ղուրբանովը սպանել է հայ զինվորներին: Այնուամենայնիվ, սպանության հանգամանքների հետաքննություն չի իրականացվել, փոխարենը պետությունը փառաբանել է նրա գործողությունները և նրան հետմահու պարգևատրել «Ադրբեջանի ազգային հերոս» կոչումով՝  նրա պատվին փողոց անվանակոչելով:

Դատարան ներկայացված դիմումի համաձայն՝ դիմողները բողոքում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ նշելով, որ զինվորները սպանվել են անօրինաբար, նրանք զինված չեն եղել: Նրանց մահը արդյունք չէ ուժի կիրառման, որը «բացարձակ անհրաժեշտություն» էր:

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանի կողմից խախտվել է ընթացակարգային պարտավորվածությունների իրագործումը, քանի որ հետաքննություն չի անցկացվել Ղուրբանովի սպանությունների գործով:

Դիմող կողմը պնդում է, որ սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա:

Դատարանը հարցադրումներ է կատարել կողմերին.

1.     Արդյոք փաստերը, որոնք ներկայացնում են դիմորդները, համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի արդարադատությանը:

2.     Արդյոք դիմորդների հարազատների կյանքի իրավունքը, որն ամրագրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով, խախտվե՞լ է:

3.     Արդյոք համապատասխան հետաքննություն իրականացվե՞լ է տեղի իշխանությունների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին