Կարևոր իրադարձություններ

Ռուս փորձագետները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության սրումը խթանող գործոնները

24 Մարտ, 2018 22:07
Ռուս փորձագետները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության սրումը խթանող գործոնները

Ռուսական Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի փորձագետները, վերլուծելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, եկել են եզրակացության, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցով ռազմական հակամարտության սրումն անխուսափելի է: Ինչպես փոխանցում է РБК-ն, իրենց վերլուծությունը փորձագետները ներկայացրել են «Փոթորկի սպասելով. Հարվային Կովկաս» զեկույցում:

Ի դեպ, մասնագետներն ընդգծում են ադրբեջանցիների ռազմական գերազանցությունը: Ըստ զեկույցի՝ հակամարտությունը կարող է կտրուկ սրվել մի շարք պատճառներով՝ Ադրբեջանի տեխնիկական գերազանցության, նավթի հնարավոր գնաճի, ժողովրդագրական անհավասարակշռության պատճառով: 

«Ղարաբաղյան հակամարտությունից (1991–1994 թթ.) հետո մեկ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվել է ուժերի հավասարակշռությունը:

1990-ականներին սահմանված Ադրբեջան զենքի մատակարարման ամերիկյան էմբարգոն և Ռուսաստանի կողմից Հայաստանին աջակցումը հավասարեցնում էին ուժերի դասավորվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Բեկում տեղի ունեցավ 2000-ականներին՝ նավթի գնի կտրուկ բարձրացման արդյունքում», - ասվում է զեկույցում:

Ըստ փորձագետների՝ նավթային դոլարների հոսքը թույլ է տվել Ադրբեջանին մեծացնել ռազմական ծախսերը և բանակի թվաքանակը: Եթե 2001 թվականին, զեկույցի հեղինակների տվյալներով, երկրի ռազմական բյուջեն կազմել է 300 մլն դոլար, ապա 2013-ին այն հասել է 3.7 մլրդ դոլարի՝ հավասարվելով Հայաստանի ողջ պետական բյուջեին:  

2016-ին Ադրբեջանի զինված ուժերի թվաքանակը կազմել է 126 000 մարդ, մինչդեռ Հայաստանի զինված ուժերի թվաքանակը 2002-ից մինչ այժմ կազմում է 45 000 մարդ:

Ըստ փորձագետների՝ եթե ժողովրդագրական միտումը չփոխվի, ապա Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի 2.7 մլն մարդ: Ադրբեջանի բնակչությունը, ՄԱԿ-ի հաշվարկներով, 2050-ին կհասնի 11 մլն-ի:

Ռուս փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի գերսպառազինումը, որը պայմանավորված է նավթային դոլարների հոսքով, հանգեցրել է նաև Ռուսաստանի արձագանքին, որը փորձում է կայունացնել իրավիճակը:

Ինչպես նշվում է զեկույցում, Ադրբեջանի ներսում հասարակա-քաղաքական իրավիճակի լարվածությանը կարող է նպաստել Հայաստանի կողմից ցուցաբերվող յուրաքանչյուր թուլություն, ինչը կարող է Բաքվի համար առիթ դառնալ ռազմական գործողություններ սկսելու Արցախում:

 

Լրահոս

Դիտել ավելին