Կարևոր իրադարձություններ

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Ուրախ ենք, որ գոլ բաց չթողեցինք

24 Մարտ, 2018 20:38
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Ուրախ ենք, որ գոլ բաց չթողեցինք

Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Խաղից հետո Էստոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարտին Ռեյմը մամուլի ասուլիս է տվել.

«Բավականին դժվար հանդիպում էր: Առաջին անգամ էինք խաղում 5-3-2 մարտավարությամբ:

Չգիտեինք, թե ինչպես պետք է խաղայինք պաշտպանությունում: Այդ առումով գոհ եմ, սակայն հարձակման գծում բավարար հնարավորություններ չունեցանք: Պետք է դասեր քաղենք ու հետագայում ավելի լավ խաղ ցույց տանք: 

Գիտեինք մրցակցին, գիտեինք, թե նրանք ինչպես են խաղում տանը: Բավականին մեծ տարբերություն կա տնային և արտագնա խաղերի մեջ: Տեխնիկապես լավ ֆուտբոլ էինք սպասում, սա մեր համար լավ հնարավորություն էր, որպեսզի հասկանայինք, թե ինչպես կարող ենք խաղալ նման մրցակցի դեմ

Ազգերի լիգայի խաղարկությունում բավականին դժվար խմբում ենք հայտնվել, սակայն ամեն ինչ անելու ենք լավ արդյունք ցույց տալու համար: Ծանոթ ենք մրցակիցներին և հուսով ենք, որ դուրս կգան հաջորդ փուլ:

Երկրպագուների փոքր խումբ ունենք, ովքեր մեզ աջակցում են: Մեզ համար ցանկացած երկրպագու շատ կարևոր է: Եղել են հանդիպումներ, որոնք մենք խաղացել ենք տանից շատ հեռու, սակայն նրանք միշտ աջակցել են մեզ:

Այս խաղը մեզ համար շատ կարևոր է, քանի որ վերջին անգամ նման հիմնական կազմով խաղացել էինք նախորդ տարվա հոկտեմբերին: Ձմռանը նույնպես ընկերական խաղեր ենք անցկացրել, սակայն կան առաջնություններ, որոնց կազմում հանդես եկող ֆուտբոլիստները չէին կարող միանալ հավաքականի ճամբարին: 

Մեզ շատ դուր եկավ այստեղի եղանակը, քանի որ մեր երկրում բացասական ջերմաստիճան է և ձյուն է տեղում: Միշտ էլ հաճելի է, երբ եղանակը տաք է և արևային:

Հայերը տեխնիկապես զարգացած և լավ ֆուտբոլիստներ ունեն: Բելառուսի, Կիպրոսի և Ղազախստանի հետ խաղերը դիտել ենք: Հայաստանը շատ լավ հանդիպումներ է անցկացրել: Գիտեինք հայերի ուժեղ կողմերը, արագ գրոհները և հակագրոհները: Այդ պատճառով ուրախ եմ, որ գոլ բաց չթողեցինք»:

 

Լրահոս

Դիտել ավելին