Կարևոր իրադարձություններ

Տեսակցության նոր կարգ՝ ծանր հանցագործության և ցմահ դատապարտվածների համար. «Փաստ»

24 Մարտ, 2018 10:18
Տեսակցության նոր կարգ՝ ծանր հանցագործության և ցմահ դատապարտվածների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է մի նախագիծ, ըստ որի «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ» վերտառությամբ 92-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ:

Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:

Ընդգծվել է, որ ներկա պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, և ներկա իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին