Կարևոր իրադարձություններ

Լարիսա Ալավերդյան. «Ամեն ինչ միայն մեկ մարդու վրա բարդելն ազնիվ չէ». «Փաստ»

24 Մարտ, 2018 08:15
Լարիսա Ալավերդյան. «Ամեն ինչ միայն մեկ մարդու վրա բարդելն ազնիվ չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը թեև ՀՀ Սահմանադրության նոր փոփոխությունների մասին նոր դիտարկումներ չունի, սակայն ելնելով վերջին շրջանի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրողություններից` իրավիճակային վերլուծություն է իրականացրել և հանգել բավականին ուշագրավ եզրակացության:

Եվ ի տարբերություն շատ փորձագետների, ովքեր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը, զորավարժությունները, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները և այլն դիտարկում են սոսկ ալիևյան իշխանության պարզ վերարտադրության ձգտում և ներքին խնդիր, ապա նրա կարծիքով այդ ամենը զուտ ներքին սպառման «կերակուր» չէ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, կառավարման նոր համակարգի անցնելով, պետք է նաև վերանայի թե՛ երկրի ընդհանուր ռազմավարությունը և թե՛ առանձին–առանձին բոլոր ոլորտների ռազմավարական նպատակներն ու ծրագրերը: Հուսանք, որ դա կարվի ճիշտ ժամանակին և հարևան երկրի իշխանությունների հայտարարությունների հանդեպ ցուցաբերվող ներկայի արհամարհանքը չի լինի նոր ղեկավարության աշխատանքի ուղեցույցը»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով, հարկավոր է վերանայել ոչ միայն Հայաստանի արտաքին, այլև՝ ներքին քաղաքականությունը: Եվ այն բոլոր թերությունները, որոնց մասին խոսում ու բարձրաձայնում են փորձագետները և հասարակությունը, ներկա կառավարության կողմից միշտ չէ, որ լուրջ ուշադրության է արժանանում: Այնինչ, այն իրավիճակում, որում 100 տարի անց՝ 21–րդ դարում, հայտնվել ենք ընդամենը մոտ մեկ դար առաջ ձևավորված պետության պատճառով, ստիպում է ամբողջովին վերանայել ամեն ինչ:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է այնպիսի ներքին քաղաքականություն վարեն, որպեսզի ժողովուրդը մեծ վստահություն ունենա իր իշխանությունների հանդեպ: Եվ այն որոշումները, որոնք ընդունվում են իշխանությունների կողմից, արժանանան ոչ թե միայն կառավարական վերնախավի, այլ, միանշանակ, ողջ ժողովրդի վստահությանը»,– ասաց Լ.Ալավերդյանը:

Հարցին, թե ինչպես կարող է իշխանությունների հանդեպ վստահությունն աճել, եթե փաստացի ոչինչը ոչինչի նման չէ, միայն ֆասադային քաղաքականություն է վարվում, իսկ ներսում ամեն ինչ դատարկ է, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նշեց, որ հասարակությունը պետք է նախ ինքն իրեն զգա որպես կառավարման սուբյեկտ, ոչ թե վերևների ծառա:

«Երբ բոլոր սխալները վերագրվում են մեկ անձի, ապա դա նշանակում է, որ հասարակությունը չի կարողանում երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունենալ: Եվ այս պարագայում միայն քննադատել մեկ անձի, ազնիվ չէ: Պետք է վերջապես հասկանալ, որ անընդհատ շարունակաբար մեկ անձի քննադատելով՝ ինքներս մեզ կառավարման օբյեկտի ենք վերածում: Եվ եթե մի կողմից ակնկալում եմ, որ իշխանություններն ավելի ուշադիր լինեն հասարակության կողմից հնչեցվող բոլոր ահազանգերի հանդեպ և արձագանքեն դրանց, ապա մյուս կողմից էլ կոչ եմ անում քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական հանրությանը, որպեսզի կարողանանք համախմբվել, ուժեղանալ, որպեսզի ինքներս մեզ կարողանանք մեր երկրի կառավարող սուբյեկտները զգալ: Հակառակ պարագայում մենք ինքներս ենք տանուլ տալու»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նշեց նաև, որ ակադեմիական հանրության կողմից ցուցաբերվող լռությունը ոչ թե վախի, այլ պասիվության, սպասողականություն ցուցաբերելու նշան է: Մինչդեռ ակադեմիական հանրությունը, լինելով բավականին ինտելեկտուալ հատված, ունի նաև պարտականություն, որը մեծ հաշվով չի իրականացնում:

«Ակադեմիական հանրությունը, ունենալով գիտելիքի մեծ պաշար, չի կարող իներտ մնալ: Իրադարձություններին արձագանքելը նրա պարտականությունն է»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին