Կարևոր իրադարձություններ

Սոցցանցերում այլոց անհատական էջերին հասանելիություն ստանալը և անձնական նամակագրությանը ծանոթանալը քրեորեն հետապնդելի է. ՔԿ

23 Մարտ, 2018 21:23
Սոցցանցերում այլոց անհատական էջերին հասանելիություն ստանալը և անձնական նամակագրությանը ծանոթանալը քրեորեն հետապնդելի է. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն արձանագրում է, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։

Սոնա Տռուզյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հարկ է համարել տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։

«Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը քրեորեն հետապնդելի արարք է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով»,- գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը։

 

Լրահոս

Դիտել ավելին