Կարևոր իրադարձություններ

Ապարանում ծնողը չի իմացել, որ որդին Ազատության հրապարակում մասնակցում է նստացույցի, դիմել է ոստիկանություն

23 Մարտ, 2018 20:08
Հեղինակ՝ Գեղամ ԱդՅան
Ապարանում ծնողը չի իմացել, որ որդին Ազատության հրապարակում մասնակցում է նստացույցի, դիմել է ոստիկանություն

Ես և Արթուր Մարգարյանը դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, երբ Արթուր Մարգարյանը իր ծնողի համաձայնությամբ գտնվել է Ազատության հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյանի հետ նստացույցին մասնակցելիս, Ապարանի ոստիկանանության աշխատակիցները բաժին են կանչել նրա մայրիկին ու ստիպել, որպեսզի հաղորդում ներկայացնի, որ իբր թե իր տղան՝ Արթուրը, արդեն երեք օր անհետացել է, որպեսզի նրան հնարավոր լինի հեռացնել Ազատության հրապարակից։ Արթուրի մայրը սպառանալիքների ներքո դիմում է գրել՝ իր տղայի մասին տեղեկություն չունենալու վերաբերյալ։ Եվ միևնույն ժամանակ Արթուրի մայրիկին ստիպել են զանգել տղային և կանչել հրապարակ, հիվանդանոց գնալու պատրվակով։ Արթուրը իր մայրիկի զանգից հետո շտապել է գնալ հրապարակ, բայց ճանապարհին՝ Հանրապետության հրապարակում, ոստիկանության քաղաքացիական հագուստով աշխատակիցները դիմավորում են նրան, Արթուրը զանգում է իր ծանոթներից մեկին, որպեսզի ասի այս մասին, բայց հեռախոսը խլում են նրա ձեռքից՝ բիրտ ուժ կիրառելով մարդկանց ներկայությամբ Արթուրին ծեծի ենթարկելով՝ առևանգում են, նստեցնում ավտոմեքենա։ Ծեծը շարունակվում է նաև մեքենայի մեջ, Արթուրին տանում են Ապարանի բաժին։ Արթուրին քննիչը ասում է.
- Արի ընկերական խոսենք։ Դու սխալ բաներ ես անում։
Բայց Արթուրը քննիչին բացատրում է, որ որևէ անօրինական քայլ չի արել, երբ նստացույցին է միացել և այս ընթացքում մեկ ուրիշ քննիչ շտապ գալիս է բաժին և Արթուրին թույլ տալիս տուն գնալ։
Եվ մինչ այս ամենը, Արթուրը զանգել էր ինձ, որպեսզի զգուշացնի, որ հնարավոր է իր ընտանիքին բաժին տանեն և ես էլ քայլեր էի ձեռնարկել՝ դիմելով իրավապաշտպաններին, որպեսզի կանխեմ Արթուրի և իր ընտանիքի անդամների նկատմամբ ապօրինի գործողությունները, և հավանաբար դա է պատճառ հանդիսացել, որ Արթուրին բաժնից բաց են թողել մեկ ժամվա ընթացքում։ 
Հ․Գ.
Սա առաջին դեպքը չէ, երբ, մեր՝ երիտասարդներիս նկատմամբ ապօրինի գորոծողություններ են իրականացնում ՀՀ ոստիկանության աշխատակիցները։ Խնդրում ենք ականջալուր լինել և քայլեր ձեռնարկել մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին