Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատը երրորդ հանրահավաքն է անցկացնում

23 Մարտ, 2018 19:32
Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատը երրորդ հանրահավաքն է  անցկացնում

«Հանուն Հայաստան պետության» ճակատը Երևանի Ազատության հրապարակում արդեն թվով երրորդ հանրահավաքն է անցկացնում:

Նշենք, որ նախորդ հավաքներին հայտարարվել է, որ կփորձեն կանխել Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումը, բացի այդ պատրաստվում են ստեղծել «ժամանակավոր կառավարություն», ազատ արձակել «քաղբանտարկյալներին» և հետագայում «Սահմանադիր ժողովի» կողմից հաստատել «Սահմանադրություն» և անցկացնել նոր ընտրություններ:

Միջոցառման կազմակերպիչները ողջունեցին Վոլոդյա Ավետիսյանին, ով Ազատության հրապարակում նստացույց է անում: «Նրա և մյուս ազատամարտիկների հաստատակամությունը բերելու է նոր մարդիկ, ովքեր կտեսնեն այսպիսի կամք, որպեսզի կարողանան վերջնականապես մեր տան գլխին նստած հրեշից ազատվել»,-ասաց նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած այն քարոզչությանը, թե իրենք պարտված են, որը նաև պատերազմի ժամանակ ընդունված մարտավարություն է, իրենք պետք է կամքով, կազմակերպվածությամբ այլ բան ապացուցեն:

«Պետք է հասկանալ, որ բռունցքի դեմ խաղ չկա, համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա»,-ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը ընթերցեց ճակատի կողմից ներկայացված հայտարարությունը, որը վերաբերում էր Tert.am-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։ «Այս անգամ կեղծ հանրաքվեի միջոցով երկարաձգելու գործողությունը մոտեցել  է ավարտի փուլին, մարտի 19-ին Tert.am-ին տված հարցազրույցով, ըստ էության, հայտնեց, որ դրժելով պաշտոնական, հրապարակային խոստումը` կառչած է լինելու երկրի ղեկավարման պաշտոնից»,-ասաց Մուրադյանը:

Ըստ ճակատի՝ այս ամենից խուսափելու միջոցը համաժողովրդական ընդվզում է: «Կոչ ենք անում ողջ հայությանը՝ Հայաստանը, ներառյալ Արցախը և Սփյուռքի մեր հայրենակիցները  միասնական ձայն բարձրացնեն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ընտրեք համաժողովրդական ընդվզման ձեր ձևը»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին