Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

23 Մարտ, 2018 18:45
ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով  բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է  120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝  սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:

Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին