Կարևոր իրադարձություններ

Բուհերում 1513 անվճար տեղ կկրճատվի. «Փաստ»

23 Մարտ, 2018 09:07
Բուհերում 1513 անվճար տեղ կկրճատվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ նախարարության, հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին եւ պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36–րդ հոդվածի 4–րդ կետի պահանջից, ինչպես նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ եւ պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաեւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թ. ապրիլի 22-ի ՀՕ-20-Ն օրենքը, համաձայն որի 2017 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է լինելու մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

Ընդգծելով վերոնշվածը, սահմանվել է, որ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողին պետությունը մինչեւ ուսումնառության ավարտը մրցութային հիմունքով, ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք ենթակետից տեղեկանում ենք, որ որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները եւ պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ուշագրավն այն է, որ կառավարությունը նախագծում միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման պատճառով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նվազել է 100–ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413–ով: Հավելել են նաեւ, որ այս որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայում տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին