Կարևոր իրադարձություններ

Եթե թուրքերը 20-րդ դարում հայերի նկատմամբ ցեղասպանություն կատարեցին, ապա 21-րդ դարում քրդերի նկատմամբ են կատարում. քրդական համայնք

22 Մարտ, 2018 15:59
Եթե թուրքերը 20-րդ դարում  հայերի նկատմամբ ցեղասպանություն կատարեցին, ապա 21-րդ դարում քրդերի նկատմամբ են կատարում. քրդական համայնք

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց, որ Նավրոզը քրդական ամենահին տոներից մեկն է, այս օրերին բոլոր քրդերը կրակ են վառում և պարում, ուրախանում, սակայն հիմա տոնը վերաիմաստավորվել է և ազգային-ազատագրական պայքար է խորհրդանշում: 
Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իրենց շնորհավորելու համար:
Սակայն, Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը շեշտեց, որ այսօր ցանկանում է խոսել Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նրա խոսքով՝ Թուրքիան ստեղծեց և հովանավորեց ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

«6-7 տարին է՝ Թուրքիան հովանավորում է ԴԱԷՇ-ին, իսկ այսօր Աֆրինում մեր քրդական բանակը՝ կազմված աղջիկներից և տղաներից, պայքարում է նրանց դեմ: Էրդողանը, տեսնելով, որ չի կարողանում քրդերի դեմ պայքարել ու տանուլ է տալիս, սկսեց հոխորտալ, թե կմտնի Աֆրին քրդաբնակ քաղաք, որպեսզի իրենց սահմանները ահաբեկիչներից հեռու լինեն: Քրդական զորամիավորումները 6-7 տարվա ընթացքում մի շարք հաղթանակներ տարան՝ հաղթելով իսլամիստներին նրանք ազատագրեցին քաղաքները: Արդեն 62-րդ օրն է՝ ինչ թուրքական բանակը հարձակվել է Աֆրին քաղաքի վրա, բայց քրդերը հայտարարեցին, որ իրենք չեն լքի իրենց տները»,- ասաց նա:

Հասանովը շեշտեց, որ թուրքական ԶՈւ-ն թիրախ է դարձրել նաև խաղաղ բնակչությանը: Նա նկատեց, որ Աֆրին քաղաքում միայն քրդեր չեն՝ կան նաև հույներ, հայեր, ասորիներ և այլն: Պատգամավորը կոչ արեց միջազգային հանրությանը հետևողական լինել, քանի որ, ըստ նրա` դա ցեղասպանություն է քրդերի նկատմամբ:

«Միջազգային հանրությունն այսպես խուլ ու համր է դարձել, ոչ մի ձայն չի հանում այս ցեղասպանության դեմն առնելու համար: Նրանք ունեն գերակա՝ նավթային, շահեր: Եթե թուրքերը 20-րդ դարում  հայերի նկատմամբ ցեղասպանություն կատարեցին, ապա 21-րդ դարում քրդերի նկատմամբ են կատարում»,- ընդգծեց Սայիդ Հասանովը:
«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը նշեց, որ քուրդ ժողովուրդն անկոտրուն կամք ունի, քանի որ 100 հազարավոր մարդկանց արյունը տեսնելով, միևնույն է՝ իր մեջ ուժ գտավ Նավրոզ նշելու: Նա գտնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավելին՝ այն նոր է սկսում:

«21-րդ դարում մանուկների, կանանց, անչափահասների նկատմամբ նման հրեշավոր գործունեությունն անթույլատրելի է: Անտեսվել է մարդկային գործոնը, սա աշխարհի լռության արդյունքն »,-ընդգծեց Ժենյա Ամիրյանը:

Շանգալի եզդիների մեջլիսի անդամ Սլո Դռբոյանն էլ ընդգծեց, որ այսօրվա պանթուրքիզմն ու պանիսլամիզմը մեծ սպառնալիք է ոչ միայն քրդերի, այլև հայերի համար:



 

 

Լրահոս

Դիտել ավելին