Կարևոր իրադարձություններ

Ու՞մ ուսերին մնաց Վազգեն Սարգսյանի հիշատակի պաշտպանությունը

22 Մարտ, 2018 10:51
Ու՞մ ուսերին մնաց Վազգեն Սարգսյանի հիշատակի պաշտպանությունը

Վերջին օրերին մի քանի կարևորագույն հարցերի կողքին հանրության ուշադրությունը գրավեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջարկությունը, որի էությունը հատևյալն էր՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը և այն կոչել Վուդրո Վիլսոնի անունով: «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանը պիտի աշխարհաքաղաքական մեսիջ հղի աշխարհին և այդ նպատակով Երևանի սրտում պիտի փողոց նվիրի ԱՄՆ 28-րդ նախագահին:

«Երկիր ծիրանիի» առաջարկը հատկապես զարմացրեց ու ցնցեց շատերին, քանի որ ԱՄՆ նախագահի մեծարման համար նա առաջարկում էր նսեմացնել հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի հիշատակը: Թվում էր, թե դեռևս պատերազմող Հայաստանում որևէ մեկը չէր համարձակվի նման առաջարկով հանդես գալ, և նման առաջարկը կստանար համաժողովրդական և միասնական մերժում: Բայց ահա, թե ինչ տեղի ունեցավ. ավագանու նիստին, որտեղ այս շաբաթվա սկզբին քննարկվեց այդ սկանդալային հարցը, մի քանի անձնավորված և բոլորին փնովող ելույթներ ունեցան «Ելք» խմբակցության ներկայացուցիչները և, ի զարմանս շատերի, որոշեցին լքել դահլիճը: Ընդ որում, չնայած ակնհայտ էր, որ դեմ են Վազգեն Սարգսյանի հիշատակը նսեմացնող նախագծին, նրանք չցանկացան մնալ և դեմ քվեարկել հանուն իրենց սկզբունքների և հանուն իրենց իսկ կողմից մեծարվող սպարապետի:

Ամենից ակտիվն ու հստակը, իհարկե, արտահայտվեցին «Ելքի» մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները, քանի որ այդ կուսակցությունը ղեկավարում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Այդքանով հանդերձ, նույնիսկ այդ կուսակցության ներկայացուցիչները չմնացին դահլիճում, հարց ու պատասխանով չստիպեցին առաջարկի հեղինակ Զարուհի Փոստանջյանին ողջամիտ փաստարկների դաշտում հասկանալ իր առաջարկի անհեթեթությունը: Ի վերջո, դեմ քվեարկելու ինստիտուտի օգնությամբ չտվեցին այն խորհրդանշական արձագանքը, որը պետք է ստանա ցանկացած նախաձեռնություն, որ ոտնձգում է հայ հերոսների հիշատակին:

Այս իրավիճակում Վազգեն Սարգսյանի հիշատակի պաշտպանության ողջ բեռը մնաց Տարոն Մարգարյանի վրա, ով, իր խմբակցության աշխատանքները գրագետ կառուցելով, կարողացավ հետ մղել Զարուհի Փոստանջյանի հերթական հարձակումը: Իհարկե, Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց առաջարկին և ձայների քանակով կարողացավ մերժել իր կուսակցության խորհրդանիշերից մեկի դեմ ոտնձգող այս առաջարկը: Բայց մինչ քվեարկությունը Տարոն Մարգարյանը կարողացավ տոնել մեկ այլ հաղթանակ: Նա կարողացավ քաղաքական բանավեճում դիմակայել սադրիչ նախաձեռնությանը, այն էլ՝ բացառապես փաստարկների և տրամաբանված հիմնավորումների գործիքակազմով: Դրա շնորհիվ Տարոն Մարգարյանը հաղթեց ոչ միայն ավագանու քվեարկության մեջ, այլ հանրային գիտակցության և հասարակական կարծիքի ամենաբարդ ասպարեզում: Ընդ որում, նա հաղթեց առանց մյուս քաղաքական ուժերի և գործընկերների օգնության, ովքեր ակնհայտ բարոյական և քաղաքական պարտականություն ունեին՝ միացյալ կռիվ տալ հանուն Վազգեն Սարգսյանի հիշատակի: 

Այսպիսով, Երևանի քաղաքապետը Վազգեն Սարգսյանի փողոցի ու հիշատակի կռիվը տարավ միայնակ, իսկ հաղթանակը կիսեց իր բոլոր կուսակիցների հետ, բոլոր մյուս քաղաքական ուժերի և, ի վերջո, բոլոր երևանցիների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին