Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»

22 Մարտ, 2018 08:20
Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան: Ասում են, թե նա անգամ դեսպանատանը փակ սենյակ ունի, որտեղ իր իրերն են, եւ ոչ ոք մուտք չունի: Սակայն Նալբանդյանը նաեւ կարողանում է ճարպկորեն պահել ԱԳ նախարարի աթոռը, եւ չնայած ողջ նախարարությունը երազում է, թե երբ է նա հեռանալու, բայց կարծես մոտ ապագայում նրան չեն ազատի, ուստի տարեց դեսպանին փոխարինող են գտել։

Ըստ լուրերի՝ Ֆրանսիայում դեսպան կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հասմիկ Տոլմաջյանը: Հիշեցնենք, որ Շվեյցարիայում դեսպանը Շառլ Ազնավուրն է։ Մենք տեղեկացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն այդ պաշտոնին է 2011-ից։ Նա առողջական խնդիրներ ունի եւ «թեթեւ» գործի կանցնի՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Այս պաշտոնը թափուր է Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո։ Ինչ վերաբերում է Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, ապա այն լուրջ կռվախնձոր է դարձել ԱԳՆ-ում։

Մի նշանակում եւս․ մոտ ժամանակներս Իսրայելում ՀՀ դեսպան կնշանակվի, նստավայրը՝ Երեւան, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Այդ գործը համատեղության կարգով անում էր Եգիպտոսում դեսպան Արմեն Մելքոնյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին