Կարևոր իրադարձություններ

«Նրանց ուղին միանշանակ ձախողված է»․ Գրիգոր Մինասյանը՝ ԵԾ-ի արդյունքների մասին

21 Մարտ, 2018 17:12
«Նրանց ուղին միանշանակ ձախողված է»․ Գրիգոր Մինասյանը՝ ԵԾ-ի արդյունքների մասին

Past.am-ը գրում է․ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանի կարծիքով ավագանու վերջին նիստի օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու առաջարկներն էլ քաղաքական հնարք էին: Եվ դրանց նպատակը ոչ թե մեծագույն գործչի՝ ԱՄՆ 28-րդ  նախագահ Վուդրո Վիլսոնի  անվամբ փողոց կամ մարտի 1-ի զոհերի հուշարձան ունենալն էր, այլ ընդամենը «Ելք» խմբակցությանը «հարվածելը»:


««Երկիր ծիրանի» խմբակցությունը փորձեց ցույց տալ, որ «Ելքը» ոչ թե  ընդդիմադիր խմբակցություն է, այլ Հանրապետականի դիրքորոշումն ունեցող խմբակցություն: Այսինքն, «Երկիր ծիրանին» իրականում ոչ թե նպատակ ուներ օրակարգում ներառված հարցերին լուծում տալ, այլ քաղաքական ինչ-որ էժանագին հնարքներով քաղաքական դիվիդենտներ շահել ու շոու սարքել, ինչը ձախողվեց»,- ասաց Գ․ Մինասյանը: 

Նրա խոսքով նման կերպ «Երկիր ծիրանին» քաղաքական ամբիցիաներ իրացնելու խնդիր է հետապնդում: Եվ այդ է պատճառը, որ անընդհատ ուզում են առանձնանալ ու բոլորին ցույց տալ, որ միակ ընդդիմադիրն իրենք են: 

«Հիմնականում ամենաընդդիմադիրը երևալու պատճառով է, որ նրանք ամեն անգամ փորձում են ծուղակի մեջ գցել մյուս գործընկերներին: Իմ կարծիքով ավագանիում կիսելու որևէ բան չկա:  Եթե կա որևէ առաջարկ կամ նախագիծ, որով երևանցու համար ինչ-որ օգուտ կլինի, ապա պետք է բոլորս միավորվենք այդ առաջարկի շուրջ: Սակայն խնդիրն այն է, որ նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում, և ոչ էլ որևէ կառուցողական առաջարկ կա դրանցում: Նրանց նպատակը սեփական ամբիցիաների պատճառով բոլորից ընդգծված կերպով առանձնանալն է»,- ասաց Գ. Մինասյանը:   

Ավագանու ներկայացուցչի կարծիքով Երևանում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի գտնել այնպիսի փողոց կամ պուրակ, որով բոլորը կկարողանան ցույց տալ իրենց հարգանքը հայտնի քաղաքական գործչի հանդեպ, բայց Գ. Մինասյանի դիտարկմամբ «Երկիր ծիրանի» խմբակցության նպատակն ամենևին էլ դա չէր: 
«Այս պահին կարելի է արձանագրել, որ այն ուղին, որով նրանք նախանշել էին ընթանալ, միանշանակ ձախողված է: Եվ դա էր պատճառը, որ ավագանու նիստը չավարտված նրանք լքեցին, կամ ավելի ճիշտ փախուստի դիմեցին նիստերի դահլիճից: Նիստի բոլոր մասնակիցներն էլ նկատեցին, որ նրանց կողմից մտածած հնարքներն ու շոուի սցենարը չստացվեց և տեսնելով, որ այլևս անելիք չունեն, լքեցին դահլիճը: Եվ ամենակարևորը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ իրականում ավագանին երևանցու հոգսը թեթևացնելու և քննարկումներ իրականացնելու  ռացիոնալ հարթակ է, որը, ցավոք, նրանք չեն կարողանում նույն ռացիոնալությամբ օգտագործել: Եվ խնդիրն այն է, որ ռացիոնալ դաշտում պետք է գործ անել, սակայն քանի որ իրենք նման ցանկություն չունեն, այդ պատճառով էլ գնում են շոուներ կազմակերպելու ճանապարհով»,- ասաց  Գ. Մինասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին