Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին. «Ժամանակ»

21 Մարտ, 2018 09:27
Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը կարող է լինել քաղաքական սերնդափոխություն իրականացնելը:

Երիտասարդներին փորձ փոխանցելու, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից երիտասարդ լիդերների ճանապարհ բացելու մասին հայտարարությունը նշանակում է հենց դա:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության մտադրության կամ առաքելության մասին, պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ պատկերացնում է հանրությունը: Այսինքն՝ խոսքը ընդդիմությամբ իշխանությանը փոխարինելու ներկայիս պատկերացումների կամ որոշակի դիսկուրսի մասին չէ, այլ ներհամակարգային իշխանափոխության: Խոշոր հաշվով, Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ին ընդդիմության պատրաստելու մասին, համենայնդեպս, կատարելով առաջին քայլն ու գործնականում հրաժարվելով իր իսկ կուսակցությունից: Կուսակցական պատկանելության տարբերություն չդնելու, քաղաքական դիրքավորման տարբերություն չդնելու մասին նրա հայտարարությունը խոսում էր հենց այն մասին, որ Սարգսյանն իրեն դասում է այլեւս կուսակցական վարչապետից ավելի վեր: Ընդ որում, միաժամանակ հետաքրքիր է, որ նա չի խոսում իր համար նախընտրելի ազգային համաձայնության կամ համերաշխության կառավարության մասին:

Գոնե առայժմ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդօրինակ շեշտադրումներից, ինչը եւս վկայեց, որ նա իր խնդիրը չի դիտարկում ներկայիս կուսակցական կայուն մեծամասնության վերաձեւումը, այլ դիտարկում է հենց իշխանափոխության մեխանիզմի ձեւավորումը՝ սերնդափոխության միջոցով: Համենայնդեպս, առայժմ ուրվագծված հայեցակարգը կամ պատկերացումը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության ծրագրերում առկա է նոր կուսակցության ձեւավորման մտադրություն, որը պատրաստ կլինի ՀՀԿ-ին երաշխավորել սեփականության անձեռնամխելիություն: Դա կտարբերվի ԲՀԿ-ի մեխանիզմից, որ ներդրվեց եւ, մեծ հաշվով, արդյունավետ աշխատեց տասնամյակի ընթացքում:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն գործնականում շատ ընդհանրություններ ունեցող, այդուհանդերձ, տարբեր տնտեսական մարտավարական շահերի տեր սուբյեկտներ էին, եւ ԲՀԿ-ի իշխանության գալը ՀՀԿ համար անխուսափելիորեն ենթադրելու էր սեփականության վերաբաշխում: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, թե Սարգսյանի վարչապետական հայեցակարգին ինչպես է արձագանքելու Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն: Խոսքը ընթացիկ արձագանքի մասին չէ՝ դրական, թե բացասական կարծիք վարչապետական հեռանկարի մասին: Խոսքը սերնդափոխության կոնցեպցիայի մասին է, որովհետեւ այն փաստորեն առնչվելու է նաեւ ԲՀԿ-ին: Այստեղ մի կողմից ձեռնոց է ամբողջ դաշտին, մյուս կողմից, իհարկե, գործակցության առաջարկ խաղի որոշակի կանոնների շուրջ, եւ այդ համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես է ԲՀԿ-ն փորձելու պահել իր երկրորդի կարգավիճակը, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հենց այստեղ է՝ ձեւավորել այն երկրորդ ուժը, որը տեսանելի հեռանկարում կարող է հավակնել իշխանափոխության մեխանիզմի կարեւոր տարր եւ դերակատար լինելուն:

Դա իհարկե չի լինի 2022 թվականին, բայց մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ծրագրում է 2027 թվականին ապահովել համակարգ, որն ի զորու կլինի իրեն թույլ տալ իշխանափոխության՝ ընտրության միջոցով խաղաղ իշխանափոխության ճոխություն, առանց սեփականության իրավունքի ոտնահարման: Այդպիսով, Հայաստանի իշխող համակարգը կմտնի կառավարվող, կամ ինչպես Ռուսաստանում ներքին կոնցեպցիաների գորշ կարդինալներից մեկը կասեր՝ «սուվերեն դեմոկրատիայի» եզրափակիչ փուլ: Մյուս կողմից, այդ տրանսֆորմացիան իշխանության կամ ներհամակարգային պլաններից ընդամենը մեկն է, գուցե առավել «առաջադեմը» համեմատության մեջ, բայց ամենեւին ոչ միակը, եւ ըստ այդմ դեռ պարզ չէ, թե Սարգսյանի «սերնդափոխության» առաջարկին ինչպես է արձագանքելու նրա իսկ ղեկավարած մեծամասնությունը, հատկապես երբ ակնառու է, որ Սարգսյանը դե ֆակտո հրաժարվում է այդ մեծամասնության հետ ասոցացվելուց, գիտակցելով դրա ոչ նպատակահարմարությունը հանրային ընկալման տեսանկյունից:

Վերջին հաշվով, Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում թեկուզ համեմատության մեջ առաջադիմական պլանները մի քանի անգամ հայտնվել են իրագործման «առաջնագծում», սակայն պարբերաբար տրվել է նահանջի հրաման՝ համակարգի գործուն հակազդեցության ուժով, եւ պարզ չէ, թե Սարգսյանն այս անգամ որքան է հավատարիմ մնալու պլանին: Թեեւ անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ ժամանակն աշխատում է դրա օգտին, քանի որ տարեցտարի առավել բարդ ու դժվար է դառնում ոչ թե այդ պլանն իրականացնելը, այլ դրա իրագործումից հրաժարվելը: Իրավիճակը գալիս է ի վերջո մի կետի, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, որ չանելու ռիսկերն այլեւս ավելին են, քան անելու դեպքում: Ընդ որում՝ ավելին ոչ միայն զուտ քանակի, այլ նաեւ հետեւանքի ուժգնության տեսանկյունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին