Կարևոր իրադարձություններ

Դատարանների նախագահները դժգոհ են, բայց հույսները չեն կորցրել. «Հրապարակ»

21 Մարտ, 2018 09:05
Դատարանների նախագահները դժգոհ են, բայց հույսները չեն կորցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում մեկ միասնական դատարան ձեւավորելու արդյունքում մի շարք դատարանների նախագահներ դարձել են շարքային դատավոր, եւ դա ոմանք շատ ծանր են տանում: Շարքային դատավորից մի քիչ ավել լինելու համար Երեւանի դատարանների նախագահներից ոմանք առաջադրվեցին ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար։

Օրինակ՝ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, ով չընտրվեց ԲԴԽ անդամ եւ այժմ ցանկանում է վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել է դատավորի կենսագրությունը՝ Գեղարքունիքի դատարան, բայց արդեն նախագահի կարգավիճակում: Այդ դատարանի նախագահն այժմ ամբաստանյալի աթոռին է՝ կաշառքի գործով:

Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչի որդին եւս ցանկանում էր դառնալ Երեւանի դատարանի նախագահ, սակայն Ռուբեն Վարդազարյանն ավելի «անցողիկ» թեկնածու էր: Բայցեւայնպես, Երեւանի դատարանների նախկին նախագահները հույսները չեն կորցրել, քանի որ Վարդազարյանը պաշտոնավարելու է ընդամենը 3 տարի, նրանց խոստացել են, որ հերթով կճաշակեն դատարանի նախագահ լինելու բերկրանքը:

Նշենք, որ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել։ Ապա Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ:

Այդ գլուխն ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 9-ից: Իսկ Ռուբեն Վարդազարյանը, եթե ԲԴԽ-ի կողմից նշանակվի, կպաշտոնավարի ընդամենը 3 տարի՝ առանց վերանշանակվելու իրավունքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին