Կարևոր իրադարձություններ

Էդգար Վարդանյան. «Փորձ է արվում հաստատել երկրի ղեկին ցմահ մնալու ինստիտուտը». «Փաստ»

21 Մարտ, 2018 08:25
Էդգար Վարդանյան. «Փորձ է արվում հաստատել երկրի ղեկին ցմահ մնալու ինստիտուտը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ անդրադարձել է 2014 թ. իր կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին և որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը: Tert.am–ի հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է. «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին` մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանին չհաջողվեց խմբագրել նախկինում արված հայտարարությունը:

«Իրականում որևէ հիմնավորում չի բերվել, թե ինչու պետք է փոխել նախկինում արված որոշումը: Ըստ էության, 2014–ի արված հայտարարությունը եղել է շատ հստակ: Եթե հիմա ասում է, որ իրեն կարող են առաջադրել վարչապետի պաշտոնին, և նա կընդունի այդ առաջադրումը, նշանակում է, որ նա հավակնում է այդ պաշտոնին: Այստեղ ամեն ինչ շատ հստակ է: Մեկ հարցին մի քանի պարբերություն ունեցող պատասխան է տրվել, որով, ըստ էության, արդարանալու փորձ է արվում: Եթե խնդիր չկար, ուրեմն՝ մի քանի պարբերությամբ արդարացում չէր բերվի: Այդ պարագայում կարելի էր նշել, որ հարցը որոշված չէ կամ քննարկման փուլում է, կամ որոշումը կայացվել է՝ այո, կամ ոչ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ պարզաբանման մեջ ակնարկվել է, թե փաստացի իրավիճակ է փոխվում, և Սերժ Սարգսյանն այդ իրավիճակի փոփոխությանը համահունչ որոշում է կայացրել:

«Իրականում որևէ իրավիճակ չի փոխվել: Հասկանալի է նաև, որ կյանքը ստատիկ չէ: Ասել, թե տարիներ անցան ու ինչ–որ բան փոխվեց՝ որևէ հիմնավորում ու տրամաբանություն չկա: Նաև պետք է հիշել այն, որ 2014թ. հայտարարությունը, թե նա չի հավակնելու վարչապետի պաշտոնին, արվել է սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող դիսկուրսի կոնտեքստում: Այն ժամանակ կար տեսակետ, որ այդ փոփոխություններն արվում են Ս. Սարգսյանի համար, որ նա հնարավորություն ունենա շարունակել ղեկավարել երկիրը: Եվ որպեսզի թուլացնի այդ պնդման շուրջ դիսկուրսը՝ նա արեց այդ հայտարարությունը: Շատերն իսկապես կարող էին հավատալ այդ հայտարարությանը, և որոշակի քաղաքական վարք դրսևորել: Օրինակ՝ գնալ և կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին կամ բոյկոտել: Ենթադրաբար՝ շատ շատերն ընկել են մոլորության մեջ հենց այդ հայտարարության պատճառով»,– ընդգծեց Է. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է «հավելմանը»՝ երիտասարդ լիդերներին փորձը փոխանցելու գործին, քաղաքագետը նկատեց. «Սերժ Սարգսյանը փաստացի գիտի ու տեսնում է, որ իր կառավարման տարիների հետ կապված հանրության մոտ լուրջ դժգոհություն կա: Կա հարց, որ նա ցանկանում է շարունակել պաշտոնավարումը և այս առումով նա որոշակիորեն փորձում է համոզել հանրությանը, որ հավերժ չի մնալու այդ պաշտոնին: Այսինքն՝ երբ կլինեն երիտասարդ առաջնորդներ, այդ ժամանակ նա արդեն կհեռանա: Ակնարկը նաև այն է, որ այդ հեռացումը վնասակար չի լինի Հայաստանի համար: Փաստացի նա հաստատում է իր կուսակիցների այն թեզը, որ ինքն այսօր անփոխարինելի է: Առհասարակ ուղղակիորեն քարոզչություն է իրականացվում. եթե Ս. Սարգսյանը չլինի երկրի ղեկավար, ապա Հայաստանը շատ բան է կորցնելու, չի կարողանալու լուծել իր անվտանգության խնդիրը, զարգացում չի ունենալու»:

Քաղաքագետի խոսքով՝ երիտասարդ լիդերների մասով արված հայտարարությունն իսկապես իմիտացիոն բնույթ ունի:

«Ցանկության դեպքում, նա, բնականաբար կարող էր հենց ՀՀԿ–ի ներսում նպաստել նրան, որ լինեն բազմաթիվ առաջնորդներ, որոնք որևէ կերպ իր ենթադրաբար առավելությունների առումով չեն զիջի իրեն: Ընդհանրապես քարոզվում է մի հակադեմոկրատական գաղափար, որ երկրի ղեկավարը չպետք է լքի իր պաշտոնը կամավոր կերպով, որովհետև նա ունի այնպիսի փորձառություն, որը չունի որևէ մեկ այլ անձ: Սա հակասում է իշխանության փոփոխելիության դեմոկրատական սկզբունքին: Սա առաջնորդապաշտության քարոզ է: Փաստորեն, ՀՀ–ի քաղաքական կյանքում փորձ է արվում հաստատել մի նոր՝ ցմահ ղեկավարելու, կամ հենց անձի պաշտամունքի ինստիտուտ: Մինչ այժմ Հայաստանը, կարելի է ասել, այնուամենայնիվ, փափուկ ավտորիտար համակարգ ունեցող երկիր է: Մինչ այս այդ անձի պաշտամունքն, ամեն դեպքում, ինստիտուցիոնալ մակարդակի չի եղել: Երկրի ղեկին ցմահ մնալու ինստիտուտը հաստատված չի եղել, բայց հիմա այն հաստատելու փորձ է արվում: Այդ ինստիտուտը բնորոշ է ԱՊՀ տարածքում առկա միջին ասիական երկրներին, այսօրվա Ռուսաստանին, Ադրբեջանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների»,– եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին