Կարևոր իրադարձություններ

Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում թարմացման անհրաժեշտություն ունեցող ցուցանակները

20 Մարտ, 2018 19:32
Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում թարմացման անհրաժեշտություն ունեցող ցուցանակները

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում առկա այն ցուցանակները, որոնք թարմացման կամ փոխարինման անհրաժեշտություն ունեն և, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք կարգաբերելու ուղղությամբ:

«Անընդունելի է այն անտարբերությունը, որ դրսևորվում է տեսքից ընկած կամ, որ ավելի վատ է, վնասված ու չվերականգնված ցուցանակների նկատմամբ: Ի վերջո նաև դրանց տեսքով են մարդիկ ու հատկապես մեր քաղաքի հյուրերը կարծիք կազմում Երևանի մասին: Եվ պետք չէ արդարանալ, թե դրանց մեծ մասը մասնավորի կողմից է տեղադրվել ու սպասարկվում: Անհրաժեշտ բոլոր լիազորությունները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին պարտադրեք պատշաճ կատարել իր պարտավորությունները: Կարճ ժամկետում գույքագրեք և կարգի բերեք ամեն ինչ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին