Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն պարզում է Արաբկիրում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները

20 Մարտ, 2018 19:23
Քննչական կոմիտեն պարզում է Արաբկիրում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 19-ին` ժամը 15:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բանուկ հատվածում, խախտելով հասարակական կարգը, անտեսելով նշված վայրում գտնվող քաղաքացիների առկայությունը, ողորկափող հրազենով մեկ անգամ կրակել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 1961թ. ծնված Հ.Վարդանյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ ազդրի հատվածի փափուկ հյուսվածքների բազմաթիվ կոտորակային վնասվածքներ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և որսորդական հրացանի փամփուշտի կոնտեյներ:

Հ.Վարդանյանը ճանաչվել է տուժող, առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Լրահոս

Դիտել ավելին