Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների. ՄԱԿ

20 Մարտ, 2018 15:46
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում ասվում է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրապարակվող դեկրետների բնույթը մատնանշում է իշխանության հնարավոր չարաշահումը երկրում անցանկալի տեսակետներն արմատախիլ անելու նպատակով: Զեկույցը հրապարակվել է մարտի 20-ին:

Զեկույցը պատրաստվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժասմանակաշրջանում երկրի իրադրության վերլուծության հիման վրա: Տեքստում նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի գործողության՝ սովորական դարձած երկարաձգումները հանգեցրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների: 

Փորձագետներն ընդունում են, որ 2016 թվականի հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո մեծ խնդիրներ են ծառացել Թուրքիայի առջև, սակայն «դեկրետների թվաքանակը, թողարկման հաճախականությունը և ազգային անվտանգության սպառնալիքների հետ կապերի բացակայությունը մատնանշում են, որ արտակարգ դրության ընթացքում գործի դրված ուժերն օգտագործվում են կառավարության քննադատության կամ նրա հետ անհամաձայնության բոլոր ձևերը ճնշելու համար:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ Թուրքիան պարտավոր է լիովին դադարեցնել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, վերսկսել իր հիմնարկությունների բնականոն աշխատանքը և հետ կանչել այն ամբողջ օրենսդրությունը, որը չի համապատասխանում մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի միջազգային հանձնառություններին, ներառյալ հրապարակված դեկրետները: Անհրաժեշտ է  հետաքննել արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում երկրում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը և քննարկել տուժածներին փոխհատուցելու հարցը, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին