Կարևոր իրադարձություններ

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Կարեն Կարապետյան

19 Մարտ, 2018 15:26
«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներդրումների արդյունքում 2016-ի ընթացքում ստեղծվել են 300 հիմնական աշխատատեղեր, 2017-ին՝ 652, իսկ 2018-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել 1450 հիմնական աշխատատեղ: Ըստ մարզպետի՝ մասնավոր հատվածում նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, 2018-ին նախատեսվել են 35.9 մլրդ դրամի ներդրումներ՝ ՓՄՁ, ագրոպարենային, զբոսաշրջության, գազաֆիկացման, էներգետիկայի, քաղաքաշինության ոլորտներում: Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին հասել է 117 հազարի՝ 2016-ի 61839-ի դիմաց, իսկ 2018-ին այս ոլորտում ակնկալվում է 15% աճ: 
Մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ (նախատեսածի 100.1%-ը), իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազ դրամ (նախատեսածի 100.5%-ը): 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017-ի սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլրդ 207 մլն 680,5 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 2 մլրդ 778 մլն 957 հազար դրամ: 2018-ին մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատությամբ ավելի է նախատեսվել 150.3 մլն դրամով: 2016-ին մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտը կազմել է 7675 դրամ, 2017-ին` 9889 դրամ, իսկ 2018-ին՝ կանխատեսվում է 10470 դրամ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել. «2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»: 
Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտումմարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Մարզում առկա է 1590 միավոր տրակտոր: 2017-ին ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 15 միավոր տրակտոր: Ակնկալվում է տարվա ընթացքում ձեռք բերել ևս 10 միավոր գյուղտեխնիկա: Մարզպետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրում հիմնվել է 22 հեկտար ինտենսիվ այգի, իսկ 2018-ին նախատեսվում է հիմնել 410 հա: 2016թ. մարզի գյուղատնտեսության բնագավառում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ, 2017-ին՝ 4.7 մլրդ դրամի, իսկ 2018-ին 5 մլրդ դրամի ներդրումներ են նախատեսվում: Զեկուցվել է, որ ըստ համայնքների և մասնավոր ներդրողների հավաքագրվել են 2018-ին ագրո¬պա-րենային ոլոր¬տում նոր ստեղծվող և ընդլայնվող կարողությունները, արդյունքում՝ 20 համայնքների 72 սուբյեկտների կողմից կկատարվեն շուրջ 5 մլրդ դրամի ներդրումներ՝ ստեղծելով 790 աշխատատեղեր:
«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակ» կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը: 
Մարզում շինարարության ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 25.3 մլրդ դրամ՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: Աճը 2016-ի համեմատ կազմել է 15.3 մլրդ դրամ կամ 2.5 անգամ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ մարզպետարանի պատասխանատուն զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում տրամադրել է 190 շինթույլտվություն, որը 2016-ի համեմատ ավելի է 60-ով: Կարեն Կարապետյանն անբավարար է համարել շինթույլտվությունների տրամադրման ծավալներն ու ընդգծել, որ մյուս մարզերի համեմատ ցուցանիշները խիստ ցածր են: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները և խթանել շինարարության զարգացումը՝ համայնքներում մեծ ուշադրւթյուն դարձնելով հաշվառման գործընթացին, շինթույլտվությունների տրամադրման պարզեցմանը և այլն: 
Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 171, գործող հիմնական աղբավայրերի թիվը՝ 46, փակված աղբավայրերի թիվը՝ 125, փակման ենթակա աղբավայրերի թիվը ՝ 5: 2017-ի ընթացքում աղբահանության վճարներից եկամուտը կազմել է 193.58 մլն դրամ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից 162.4 մլն դրամ, իրավաբանական անձանցից՝ 31.18 մլն դրամ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 349.8 մլն դրամ, որից 286.8 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 55.3%-ը: 2018-ին աղբահանության վճարներից պլանավորվել է 248.51 մլն դրամ եկամուտ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը 472.7 մլն դրամ, որից 388 մլն դրամն ուղղվելու է աղբահանությանը: «Աղբահանության ոլորտում եկամուտներն ու ծախսերը պետք է համեմատելի լինեն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել մարզում առկա իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն ու որոշ համայնքներում վերանայել աղբահանության վճարների սակագները: 
Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ: Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին