Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

19 Մարտ, 2018 13:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով:

Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի և համակողմանի գործունեության, այնպես և հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման և բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ:

…Հայտնի է Ձեզ, թե ինչպիսի հարգանք և սեր է տածում հայ ժողովուրդը Ձեր և Ռուսաստանի նկատմամբ. զգացումներ` փորձված դարավոր եղբայրությամբ և վկայված այսօրվա դաշնակցության, գործընկերության և համագործակցության սերտ կապերով: Ուրախ ենք արձանագրել այն հոգածությունը, խնամքն ու ուշադրությունը, որ ՌԴ իշխանությունները, Ձեր անձնական մասնակցությամբ, դրսևորում են հայկական սփյուռքի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հանդեպ:

Մեր հանապազ աղոթքն է, որ Ամենողորմ Տերն Իր Աջի հովանու ներքո խաղաղության ու բարեկեցության մեջ պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին»,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:
Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ուղերձում Նորին Սրբությունը հայցել է Երկնավոր Տիրոջ շնորհներն ու զորակցությունը ՌԴ ընտրյալ նախագահին իր բարձր ծառայության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին