Կարևոր իրադարձություններ

Աֆրին քաղաքի կենտրոնը Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է անցել (լուսանկարներ)

19 Մարտ, 2018 13:36
Աֆրին քաղաքի կենտրոնը Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է անցել (լուսանկարներ)

Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։

Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Րաջո, Բյուբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները։

Աֆրինի անկումից հետո քրդական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ:

Մասնավորապես Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի խոսնակ Բրուսք Հեսեքեն (ԺԻՋ-YPG) և քրդական ուժերի կանանց զորախումբը (YPJ) հայտարարել են, որ իրենք դուրս են բերում իրենց ջոկատները Աֆրինից, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ զոհերից խաղաղ բնակչության շրջանում։ Բայց և նշել են, որ իրենք ցանկացած հարմար առիթ օգտագործելու են՝ հարվածելու Աֆրին ներխուժած թուրքական զինուժին:

«Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ այս հողերում հազար տարի ապրող մարդկանց տեղահան անելու քաղաքականություն իրականացրեց»,- ասել է  YPG-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

Լրահոս

Դիտել ավելին