Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են հարցաքննել Ցուկերբերգին

19 Մարտ, 2018 12:38
ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են հարցաքննել Ցուկերբերգին

ԱՄՆ-ում դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները պահանջել են, որ Facebook-ի շուրջ ծագած նոր սկանդալի ֆոնին դրա համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հարցաքննվի Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի կողմից:

The Daily Mail-ի հաղորդմամբ, արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Cambridge Analytica ընկերությունը ստացել է ֆեյսբուքյան ավելի քան 50 մլն օգտատիրոջ անձնական տեղեկությունները, որոնք օգտագործվել են հօգուտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի:

Տեղեկության տարածումից հետո օրենսդիրները քննադատել են Ցուկերբերգին՝ հայտարարելով, որ հարցը պետք է լրջորեն հետաքննվի: Facebook-ը մեղադրվել է առանց օգտատերերի համաձայնության նրանց անձնական տվյալները փոխանցելու համար:

Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Մաուրա Հեյլին հայտարարել է, որ դատախազությունը հետաքննություն կսկսի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի շտաբի հետ համագործակցած Cambridge Analytica բրիտանական ընկերությունը 2016թ.-ին, հանդիպել է ռուս գործարարների հետ, ինչը ևս կասկածելի է ներկայում ակտիվ հետաքննվող ռուսական միջամտության հարցի համատեքստում:
Քրիս Ուայլը, ով Cambridge Analytica-ի նախկին աշխատակիցներից է, պատմել է, որ ընկերությունն ավելի քան 50 մլն ֆեյսբուքյան օգտատիրոջ անձնական տվյալներն օգտագործել է նրանց հոգեբանական բնութագիրը կազմելու ու հավանական քվեարկողներին համապատասխան գովազդներով ու պատմություններով թիրախավորելու համար:
Ուայլը մանրամասնել է,որ ֆեյսբուքյան տվյալների կլանման ամբողջ գործընթացն իրականացվել է հատուկ մասնագետի կողմից ստեղծված հավելվածի միջոցով: Ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկվել է մասնակցել սոցհարցման, որի իրական նպատակի մասին նրանք պատկերացում չեն ունեցել:
Ուայլի խոսքով` Facebook-ը աջակցել է այս գործընթացին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին