Կարևոր իրադարձություններ

Պուտինը տպավորիչ հաղթանակ տարավ ընտրություններում. Reuters-ի անդրադարձը

19 Մարտ, 2018 12:18
Պուտինը տպավորիչ հաղթանակ տարավ ընտրություններում. Reuters-ի անդրադարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացարձակ հաղթանակ է տարել ՌԴ ընտրություններում՝ իր իշխանությունը երկարաձգելով ևս վեց տարով, գրում է Reuters գործակալությունը:

Ինչպես նշում է Reuters-ը, քննադատները պնդում են, որ պաշտոնյաները ստիպել են մարդկանց գալ ընտրատեղամասեր՝ թույլ չտալու համար, որ ընտրություններում մրցակցության բացակայության պատճառով առաջացած ձանձրույթի հետևանքով ցածր մասնակցություն գրանցվի: Պուտինի աջակիցները նշել են, որ ընտրություններում գրանցված արդյունքներն Արևմուտքի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման հարցում ժողովրդի պաշտպանությունն է: 

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հասկացան, որ չեն կարող ազդել մեր ընտրությունների վրա»,- ասել է խորհրդարանի վերին պալատի անդամ Իգոր Մորոզովը:

Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հաղթանակը բնութագրել է որպես Արևմուտքի դեմ տարած բարոյական հաղթանակ:

«Մարդիկ միավորվեցին: Աշխարհում ոչ մի երկիր նման բաց և թափանցիկ ընտրություններ չունի»,- ասել է նա:

Գործակալությունը նշում է, որ հարց է առաջանում, թե արդյոք Պուտինը կմեղմի իր հակաարևմտյան հռետորաբանությունը հաղթանակից հետո: Պուտինի ռազմատենչ լեզուն իր գագաթնակետին էր հասել ընտրություններից առաջ՝ հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում, որի ժամանակ նա ներկայացրել էր ՌԴ-ի նոր միջուկային զենքերը:

Գործակալությունը նշում է, որ Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունները Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենավատ վիճակում են՝ Սիրիայի, Ուկրաինայի, ամերիկյան ընտրություններին միջամտելու մասին պնդումների և կիբեռհարձակումների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի և նրա դստեր թունավորման պատճառով: Թե որքան է Պուտինը ցանկանում մնալ իշխանության՝ հայտնի չէ, եզրափակում է Reuters-ը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին