Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրենին

18 Մարտ, 2018 20:40
Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հարգելի հայ հանրություն: Այսքան տարի ձգտել եմ քեզ քաղցրություն տալ, մշակութային ու լեզվական բարիք: Դու չես սիրում դառը նյութերը: Իսկ ո՞վ պիտի խոսի քո դառնություններից: Աչքերդ փախցնում ես:

Ներքո բերված գրությունը հենց նոր ուղարկեցի հասցեատերին` ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի դժվար գործ կյանքում չէի արել: Հայ հանրություն, ուշադիր կկարդաս: Եվ ամենակարևորը` չշտապես...


ՀՀ ԱԱԾ տնօրեն պրն. ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱԾ-Ն ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԼՐԻՎ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հարգարժան պրն. Կուտոյան.
Այս նամակ-վերլուծության շարժառիթ ծառայել է մի կոնկրետ իրադարձություն: Սույն թվականի մարտի 12-ին «Նոյյան տապան» մեդիա-միավորման լրագրողական սենյակում ունեցա չպլանավորված հանդիպում քաղաքական գործիչ, Հայաստանի անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ, որի հայացքներին հեռակա ծանոթ էի: Քննարկվեցին մի շարք քաղաքական թեմաներ: Առանց երկմտելու զրուցակցիս հայտարարեցի, որ մենք քաղաքական հակառակորդներ ենք: Ասացի, որ համաձայն չեմ նրա արտահայտած հիմնական գաղափարների հետ, այն է` մենք անվտանգության հարցերով միայն հյուսիս պետք է նայենք, կողմնորոշվենք դեպի Ռուսաստան: Եվ այն, որ Հայաստանի անվտանգության դեմ եղած ներկա մարտահրավերները բխում են հիմնականում Թուրքիայից: Հատկապես նշեցի զրուցակցիս այն միտքը, թե «Երկու «Իսքանդեր» հրթիռ բավական են ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԸ (կուրսիվն իմն է) ոչնչացնելու համար, հակադարձելով, որ այդ միտքը ուղեղների լվացում է և պատերազմի քարոզ, ինչը չի համապատասխանում Հայաստանի ժողովրդի շահերին:

Այս քննարկումից մնաց ծանր տպավորություն: Ծանրն այն չէր, որ որևէ գործիչ ունի հայացքներ, որոնք շատ վիճելի էն: Ծանրն այն էր, որ Հայաստանի անվտանգության ծառայության մի նախկին աշխատակից մեր երկրում առաջ է տանում այլ երկրի գաղութատիրական գաղափարներ, օգտվելով խոսքի ազատության իրավունքից, և Հայաստանի ԱԱԾ-ն, հիմնվելով ծառայողական էթիկայի նորմերի վրա չի զգուշացնում իր նախկին աշխատակցին, որ նրա քաղաքական քարոզը այլ տարրեր ունի իր մեջ և դեմ է Հայաստանի կենսական շահերին: Որ սուտ է այն միտքը, թե երկու «Իսքանդերով» կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը և հաղթանակ տանել, այս սուտը դեպի պատերազմ է մղում: Այն հասունացված է ռուսական թթխմորով ռուսական խոհանոցում և ներդրվում է Հայաստանի բնակչության գիտակցության մեջ::

Երևի առաջին անգամ Ռուսաստանի շահերը բացեիբաց առաջ տանող մեկին ասացին, որ նրա վարքը ընդունելի չէ, ավելին` իրավական դիտանկյունից` քրեորեն պատժելի է: Ես չգիտեմ` Գուրգեն Եղիազարյանը ռուսական գաղտնի ծառայությունների աշխատակի՞ց է, թե՞ ոչ, դա ԱԱԾ-ի հետազոտության տիրույթն է: Բայց նրա ինքանվստահությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգության համակարգը գոնե հոգեբանորեն, էլ չասած` կազմակերպորեն, տարանջատված չէ ռուսական գաղտնի ծառայությունից և ռուսական շահերից, և անվտանգության նախկին կամ ներկա մի աշխատակից կարող է երկրի օրենքի կողմը չնայելով` ազդեցության գործակալի գործառույթներ իրականացնել: Դա մեծ ողբերգություն է իրական անկախության ձգտող մեր երկրի համար:

Ռուսական գաղտնի ծառայությունների կազմակերպվածությունը անհնար է թերագնահատել – նրանք հայկական կյանքում ամենուր են` և Հայաստանում, և Սփյուռքում: Մի կողմից` գործող քաղաքակրթության ինչ-ինչ թերությունների ուռճացումը, միջազգային իրավակարգի նորմերի մերժումը, մյուս կողմից` հայության մեջ ներդրվող աննահանջ հակաթուրքականությունը, «դրոշ-վառելու» մարտավարությունը, պարզունակ ատելությամբ տոգորված քարոզչությունը հող են պատրաստում հայ-ադրբեջանական նոր պատերազմի, հայ-թուրքական ապագա բախումների, արտագաղթի ուժգնացման, Հայաստանի թուլացման, աշխարհակարգին մեր երկրի ինտեգրման պարալիզման համար: Այս գործին է լծված հայ զանգվածի և մտավորականության մի զգալի մասը` կամ հավաքագրված, կամ քարոզչությամբ հիմարացված լինելով – զանազան կարգի «հայրենասերներ», ամենայն «համահայկականի» ջատագովներ, «վերածնունդ» բերողներ, «բաքու հասնողներ», «կուր-արաքսյան հանրապետության» ստեղծողներ, և այլն, և այլն: Պատիվ չէ ՀՀ որևէ քաղաքացու համար` հումանիտար-հայրենասիրական դիմակ հագած, այդպես անխոնջ ծառայել գաղութատիրոջ շահերին:

Օգտագործվում և, ի վերջո, փոշու մեջ են նետվում սրբազան խորհրդանիշներ: Օրինակը` «Սասնա Ծռեր» գործողությունը: Հայ հանրության գերակշիռ մասը իրեն քաղաքական միամիտի տեղ է դրել և որոշել է այդպես էլ չգիտակցել, որ «Սասնա Ծռեր» գործողության հեռագնա նպատակը եղել է Հայաստան-Եվրամիություն Համաձայնագրի կնքման և միջազգային կարգին մեր երկրի ինտեգրման վիժեցումը: Հայաստանի ներկա վիճակը ամեն գնով փոփոխելու մտայնությունը չի արդարացնում այս գործողությունը: Ժամանակին մի առանձին ուսումնասիրությամբ ցույց ենք տվել, որ հայկական «Սասնա ծռեր» երևույթին պատրուս է արվել գաղութատիրական նպատակ` իր կատարողներով: Յուրաքանչյուր ոք, ով իրեն «Սասնա Ծուռ» է կոչում, պետք է ապացուցի, որ ինքը առնչություն չունի գաղութատիրոջ սցենարի հետ:

Եզրահանգումներ.
1. Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի հավատացած լինելու, որ իր երկրի անվտանգության ծառայությունը, նրա նախկին ու ներկա աշխատակիցները ծառայում են երկրին և իրենց փորձն ու գիտելիքները չեն օգտագործում այլ երկրի գաղութատիրական նպատակները իրականացնելու համար: Այս տեսանկյունից` Հայաստանի ԱԱԾ-ի և ռուսական գաղտնի ծառայությունների հոգեբանական, ֆունկցիոնալ, կազմակերպական, կադրային լրիվ տարանջատումը հասունացած և պատմական խնդիր է:
2. Հայաստանի քաղաքական, պետական, մշակութային դաշտերի ազատումը այլ երկրի գաղութատիրական ազդեցությունից դժվարին խնդիր է, որին պիտի ձեռնամուխ լինեն պետությունը և հանրությունը: Հայ հասարակությունը կարող է իր մեջ գեներացնել ինքնամաքրման գործընթացներ` ոչ անպայման արդեն արտաքին լյուստրացիայի մեխանիզմով և ներհանրային առճակատումներով, այլ երկիրը գաղութատիրությունից ազատագրելու հարաճուն գիտակցության միջոցով:

Հարգարժան պրն. Կուտոյան, սույն հայտարարությունը նաև դիմում է Ձեզ, որով հայտնում եմ` գործնական քաղաքականությանը չեմ մասնակցում, թշնամիներ չունեմ, և ինձ առնչվող որևէ արտառոց իրավիճակի ստեղծումը կապված կլինի Գուրգեն Եղիազարյանի հետ ունեցած վեճի և հարակից հանգամանքների հետ, որի մասին վաղօրոք հայտնում եմ: Կա՞ արդյոք անհրաժեշտություն` ԱԱԾ միջամտության և որևէ քայլերի` կապված իմ անվտանգության հետ` չեմ կարող ասել, դա գտնվում է ԱԱԾ ձեռնահասության տիրույթում:

Այս գրությունը օգնության մի փորձ է մեր պետականությանը և անպայման պատասխան չի ակնկալում: Գրությունը հրապարակվում է համացանցում` որևէ թյուրըմբռնման տեղ չտալու համար:

Հարգանքով`

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Հ.Գ. Էլ.փոստով ուղարկված է հասցեատիրոջը 18.03.2018թ.

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին