Կարևոր իրադարձություններ

Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա. Ա. Հարությունյան

17 Մարտ, 2018 15:41
Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա. Ա. Հարությունյան

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնիհայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարարկապերի ամրապնդման առումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:

«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-ն համահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաև բիզնես հետաքրքրությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: 

Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաև Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյան պատերազմի հետևանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի: Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաև Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» և Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցուն կից գործող «Ակինյան» շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական և ուսուցչական անձնակազմերի հետ:

Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը ևընդգծել է նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ շաղկապված է լեզվամտածողության,ազգային դաստիարակության ու մշակույթի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև նրանց հետաքրքրող հարցերին: Արցախի պետնախարարն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի և հանդիպել համայնքի հոգևոր պատասխանատուների հետ: Ա. Հարությունյանը Մելբուրնում մասնակցել է նաև հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուրնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին