Մարտի 12-15-ը Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, Աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին:
Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ: Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ: Վերջինս ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ գոհ է տղաների ելույթներից.
«Մրցաշարում բարձր մրցակցություն կար: Տղաները լավ, հավաքված գոտեմարտեր անցկացրին: Գոհ եմ: 2 ուսումնամարզական հավաք ունենք՝ Ծաղկաձորում և Օլիմպավանում, որից հետո կմեկնենք Եվրոպայի առաջնության»,-նշել է մարզիչը: