Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Վարդան Ոսկանյան. «Իրանը երբևիցե չի մասնակցի մի ծրագրի, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը». «Փաստ»

17 Մարտ, 2018 08:25
Վարդան Ոսկանյան. «Իրանը երբևիցե չի մասնակցի մի ծրագրի, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 15–ին Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել է մասնավորապես Հարավ–Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Վերլուծական շրջանակներում հանդիպման նման ձևաչափի առումով այլ շարժառիթի մասին է ընդգծվում: Մասնավորապես՝ որ սա ևս Հայաստանը մեկուսացնելու նպատակ է հետապնդում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով հանդիպմանն ու մատնանշվող շարժառիթներին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ Հայաստանը տնտեսական և քաղաքական հարթություններում հարաբերություններ ունի թե՛ Իրանի և թե՛ Վրաստանի հետ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, հարաբերություններ չունենք:

«Նման հանդիպումներն ընդհանրապես չպետք է անհանգստություն հարուցեն թե՛ մեր հասարակության և թե՛ լայն փորձագիտական շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետևենք նման գործընթացներին ու այսպիսի զարգացումներին: Եթե փորձենք գնահատել այդ հանդիպումը, ապա այն ավելի շատ արարողակարգային էր, նույնիսկ պարունակում էր բազմաթիվ քարոզչական տարրեր: Հանդիպումն անհրաժեշտ էր նախևառաջ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևին, ով գտնվում է ընտրությունների նախաշեմին, և նման քարոզչական հնարքներով փորձում է ընտրություններից առաջ իր համար հարմարավետ դիրքեր ապահովել: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին՝ Իրանին և Վրաստանին, ապա Իրանի պարագայում մենք միանշանակ կարող ենք պնդել, որ այդ պետությունը երբևիցե չի մասնակցի կամ չի նախաձեռնի որևէ գործողություն կամ ծրագիր, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը: Իրանցիներն այդ մասին բազմիցս են ցույց տվել թե՛ իրենց հռետորաբանությամբ և թե՛ գործողություններով: Կարծում եմ՝ նման հանդիպումներին շատ մեծ ուշադրություն դարձնելը մեր շահերից չի բխում, որովհետև դրանք շատ հաճախ Ադրբեջանը կազմակերպում է հենց մեր հասարակության վրա քարոզչական ճնշում բանեցնելու համար»,– ասաց իրանագետը՝ նկատելով՝ դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ գործընթացների առումով համապատասխան հետևություններ անենք:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ նշված տրանսպորտային միջանցքը ենթադրում է ցամաքային ճանապարհով ելք դեպի Ռուսաստան՝ Իրանի միջոցով. «Բայց այդ ելքն այսօրվա դրությամբ էլ կա, այսինքն՝ ոչ մի նոր բան, ըստ էության, չի «հայտնագործվում»: Դեռևս խնդիր է նաև այն, թե այդ միջանցքը որքանո՞վ կարող է արդյունավետ գործել: Եթե նույնիսկ հաշվի առնենք Արևելքից դեպի հյուսիս բեռների առկայությունը, ինչի մասին շատ է խոսվում, այսինքն՝ Չինաստանից, Հնդկաստանից և այլն, ապա դեռևս պարզ չէ, թե Հյուսիսից դեպի Արևելք ինչ բեռներ են գնալու: Իսկ այդ տրանսպորտային միջանցքի միակողմանի գործունեությունն ակնհայտորեն տնտեսապես անարդյունավետ է: Որևէ մեկը, ցավոք սրտի, մեզ մոտ չի խոսում այն մասին, որ թեև բարձրագոչ հայտարարություններին, Ադրբեջանում ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա: Թեև այդ երկաթուղին ադրբեջանցիները բերել ու հասցրել են իրանական սահման, բայց հենց Ադրբեջանի ներսում այդ երկաթուղին խնդրահարույց է համարվում: Բաքու–Ախալքալաք–Կարս երկաթուղին ևս խնդրահարույց է՝ այն տեխնիկապես է շահագործվել, բայց իրականում դեռևս չի շահագործվել: Իսկ իրանական կողմում երկաթուղին ընդհանրապես բացակայում է Աստարայից մինչև Ռաշտ ընկած հատվածում: Իրանի ներսում կան քաղաքական և ազդեցիկ ուժեր, որոնք ընդհանրապես դեմ են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում իրական դաշտ բերելուն: Նրանք համարում են, որ դրանով խաթարվում է Իրանի անվտանգությունը: Եվ շատ դեպքերում Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները իմիտացիոն բնույթ են կրում՝ միտված են Հարավային Կովկասում պետության շահերն ապահովելուն: Ասվածը չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք ու չիրականացնենք մեր բոլոր ծրագրերը, որոնք մի կողմից կապված են Իրանի, մյուս կողմից էլ՝ Վրաստանի հետ»:

Իրանագետի դիտարկմամբ՝ նշված երկու պետությունների հետ ունեցած օրակարգային ծրագրերն իրականացնելով՝ մենք անհանգստանալու որևէ կարիք չունենք. «Եթե Իլհամ Ալիևը նույնսիկ սեփական նախագահական պալատի իր սենյակով երկաթուղի անցկացնի, որևէ վնաս չի կարող հասցնել Հայաստանին»:

Նշենք, որ արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը:

Հարցին, թե Ադրբեջանն այս հռչակագիրը կարող է որևէ ձևով օգտագործել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Բացարձակապես որևէ նշանակություն չունի այդ հայտարարությունը: Արցախի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք էլ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը ենթադրում է այդ պետության տարածքային ամբողջականություն՝ առանց Արցախի Հանրապետության՝ այդ սահմաննրում գտնվելու հանգամանքի»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին