Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Պատրաստվել պատերազմի, բայց ահա թե ինչպես. «Ժամանակ»

16 Մարտ, 2018 08:55
Պատրաստվել պատերազմի, բայց ահա թե ինչպես. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի՝ Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին ինչ է անում Ադրբեջանը կամ, առավել ևս, զորավարժություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զորավարժությունն ընդհանրապես չի կարող լինել պատերազմի պատրաստվել-չպատրաստվելու ցուցիչ, ինդիկատոր, որովհետև այդ երկիրը պետական քաղաքականության մակարդակով շատ վաղուց, արդեն մի քանի տարի շարունակ չի թաքցնում, որ պատերազմն իր, այսպես ասած, դիվանագիտական գործիքակազմի առանցքային տեղում է: Հետևաբար, եթե Ադրբեջանը չաներ լայնամասշտաբ զորավարժություն, դա դեռ ամենևին չէր նշանակելու, որ չի պատրաստվում պատերազմի: Եվ ավելին՝ լայնամասշտաբ զորավարժությունն ու ագրեսիվ տոնի բարձրացումը ըստ էության կարող են նշանակել այն, որ Ադրբեջանը առայժմ հեռու է պատերազմական որևէ պլանի իրատեսականությունից կամ իրականանալիությունից և այդ իսկ պատճառով կարիք ունի «վակուումը» լցնել հակառակով՝ պատերազմի, այսպես ասած, շնչով:

Այսինքն՝ որքան լայնամասշտաբ զորավարժությունը և Ալիևի մի շարք գործողություններ ու հայտարարություններ պատերազմի հստակ տրամադրվածության և նպատակադրության նշան կարող են լինել, առնվազն նույնքան էլ դրանք կարող են լինել հենց իմիտացիայի ձգտում, քանի որ իրական պատերազմի հնարավորություն և հեռանկար Բաքուն չի տեսնում: Ահա թե ինչու Բաքվի ընթացիկ, մարտավարական քայլերը չեն կարող լինել մեզ համար կողմնորոշիչ:

Կողմնորոշիչը Հայաստանի համար կարող է լինել մեկը՝ Ալիևը քնա՞ծ է, թե՞ արթուն, հանգստանո՞ւմ է, թե՞ մարզվում, նրանից պետք է սպասել ամեն ինչ և նույնիսկ միշտ ավելին: Սա է Հայաստանի խաղաղության բանաձևը, որն անկասկած մեր երազած բանաձևը չէ, սակայն մեզ պարտադրվածն է, և մեր երազանքների հանդեպ, այսպես ասած, տեր կանգնելու համար մենք ստիպված ենք պարտադրված կերպով սպասել ամեն ինչ և պատրաստվել պատերազմի ավելի, քան կարող ենք անգամ պատկերացնել սպառնալիքը: Միայն այդպես մենք կարող ենք ունենալ ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան: Ադրբեջանը մեզ չի թողել այլընտրանք:

Մյուս կողմից, սակայն, պատրաստվել պատերազմի՝ ամենևին չի նշանակում կենտրոնանալ միայն ռազմական հզորությունների գեներացիայի ուղղությամբ: Պատրաստվել պատերազմի՝ այն բացառելու համար, նշանակում է առավելագույն արդյունավետությամբ ձգտել խաղաղության յուրաքանչյուր օր, այսինքն՝ արդյունավետ ապրել խաղաղությունը: Իսկ խաղաղությունն արդյունավետ ապրելու համար այդ արդյունավետությունը պետք է ունենա բազմազան կառուցվածք: Այսինքն՝ արդյունավետ կառավարում, արդյունավետ տնտեսություն, հանրային և պետական արդյունավետ ինստիտուտներ, արդյունավետ քաղաքական մրցակցություն, արդյունավետ արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն, արդյունավետ ռեգիոնալ հարևանություն և նախաձեռնություններ: Դա շղթա է, որի թեկուզ մեկ օղակի բացակայությունը կամ թուլությունը բերելու է ամբողջ շղթայի կտրվելու վտանգ:

Այդ իմաստով, մեծ հաշվով, մենք ինքներս թերևս պետք է սպասումներ ձևավորենք Բաքվի մոտ՝ թե՛ աշխարհում, թե՛ Բաքվում: Հայաստանը պետք է դնի այնպիսի պետական սուբյեկտության նշաձող, որից մշտապես դրական սպասումներ պետք է ունենա աշխարհը՝ համաշխարհային կյանքի բազմազան համատեքստում, և որից մշտապես պետք է սպասումներ ունենա Բաքուն՝ քաղաքական նոր իրավիճակների ստեղծման համատեքստում, որն Ադրբեջանին մշտապես կպահի ռազմատենչ իմիտացիայի դաշտում՝ դրանից դուրս գալն ու իրական գործողություններ սկսելը դարձնելով անհնար, առաջին հերթին՝ քաղաքականապես:

Ադրբեջանը չի գնա որևէ քայլի, քանի դեռ աշխարհը Հայաստանի հանդեպ ապրելու է դրական մասնակցային սպասումով: Ադրբեջանը չի գնա աշխարհի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին