Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,61
    7,86

Կարևոր իրադարձություններ

Ճանապարհների խաչմերուկի քոռ բուն. մեկուսացած Հայաստանն ու զարգացող հարևանները. «Ժողովուրդ»

16 Մարտ, 2018 08:35
Ճանապարհների խաչմերուկի քոռ բուն. մեկուսացած Հայաստանն ու զարգացող հարևանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը շարունակում է հետեւողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:

Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարածքով:

Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարեւան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արեւելքն ու արեւմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետեւանքներով հանդերձ:

Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարեւան պետություններին չարախնդալուց եւ ԵՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ:

Համենայն դեպս, ՀՀ-ն չի փորձել հարեւան երկրներից թեկուզ Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, որեւէ նման ծրագիր իրականացնել: Իսկ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որի շինարարությունն ընթանում է տեւական ժամանակ, նույնիսկ առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանի տնտեսական մեկուսացման խնդրին: Նաեւ տեղեկացրել ենք, որ նախորդ տարի էլ շահագործման հանձնվեց Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին: Ու հիմա սրա կողքին առաջիկայում ականատես կլինենք եւս մեկ տրանսպորտային միջանցքի: Եւ ակնհայտ է` Հայաստանը կշարունակի տարածաշրջանային ծրագրերից մեկուսանալ, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնահարցը, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն, եւ հարեւան պետությունները չունեն բարիդրացիական հարաբերություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին