Կարևոր իրադարձություններ

«Պոլիմետալ Արմենիա»–ի կողմից լսումների չեղարկումը Թեղուտի «դառը» փորձի հետևա՞նք. «Փաստ»

16 Մարտ, 2018 08:25
«Պոլիմետալ Արմենիա»–ի կողմից լսումների չեղարկումը Թեղուտի «դառը» փորձի հետևա՞նք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի և Լոռու մարզերում հանքարդյունաբերություն ծավալելու ցանկություն հայտնած ընկերությունը՝ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ–ն, հրաժարվում է իր գաղափարից: Համենայն դեպս՝ առայժմ: Ընկերության տնօրենի կողմից տարածվել է մի հայտարարություն, որտեղ ասվում է. ««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»:

«Հետքին» տրված պարզաբանման մեջ «Պոլիմետալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ՝ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Նշենք, որ Տավուշի մարզում հանքարդյունաբերություն ծավալելու լուրն իմանալուն պես թե՛ բնապահպանները և թե՛ տեղի ու ծնունդով տավուշցիները, հատկապես Նոյեմբերյանի բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ հայտարարելով, որ չեն թողնի ավերել իրենց հողերը: Այս նպատակով անգամ օրեր առաջ www.change.org կայքում միջնորդություն էր ստեղծվել՝ ծրագրի կասեցման նպատակով:

Այսօր արդեն լսումների չեղարկման լուրը ցնծություն է պարգևել բոլորին՝ ուրախ են և՛ բնապահպանները, և՛ տավուշցիները, և՛ քաղաքացիները, սակայն միևնույն ժամանակ, ոմանք արձանագրում են՝ մի՛ շտապեք ուրախանալ, չեղարկվում են միայն հանրային քննարկումները: Որպես սրան հակակշիռ, մյուսներն էլ պնդում են՝ առանց լսումների հնարավոր չէ ոչինչ շարունակել: Մնում է սպասել ընկերության հստակ պատասխանին և ենթադրություններ չանել:

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իր համար այս լուրն անսպասելի էր: Հարցին, թե այսպես միանգամից հրաժարվելը կասկածների տեղիք չի՞ տալիս, պատասխանեց, թե սա, իհարկե, անսովոր է իրենց համար, քանի որ առաջին դեպքն է:

«Կարծում եմ, որ Թեղուտի մետաղական կամակերպությունների պարտությունը ևս նշանակություն ունեցավ: Թեղուտի արդյունքը ցույց տվեց, որ չի կարելի այդ մետաղները փոխարինել բնության ավիրմամբ՝ գյուղացիներին զրկելով իրենց սովորական ապրելակերպից, խոտհունձից, մեղրից, կաթից ու մածունից: Նրանք դեռ չեն պատասխանել Թեղուտի վնասների համար: Բացի այդ, Դեբեդը գնում է Վրաստան, իսկ Վրաստանը բավական մեծ աղմուկ է բարձրացրել՝ ասելով, թե աղտոտված ջրեր են գնում: Մյուս կողմից էլ՝ Ախթալայի պոչամբարի վիճակն ենք տեսնում: Կարծում եմ՝ այդ բոլորը միասին բարենպաստ պայմաններ ստեղծեցին, որպեսզի նրանք՝ ապագա շահագործողները, մտածեն, թե տակից դուրս չեն գա:

Տրամաբանութունը դրան է բերում: Թե ինչ բաներ կան այնտեղ թաքնված, չեմ կարող ասել: Անսպասելի էր, լավ բան է, ողջունելի է: Եթե բոլոր տնտեսվարողները հաշվի առնեն գյուղացիների և բնապահպանների կարծիքը, շատ լավ կլինի: Բոլոր բնապահպանները ուրախ են սրա համար»,– նշեց Սուխուդյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին