Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյան. «Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողներն առիթի դեպքում կլքեն խորտակվող նավը». «Փաստ»

16 Մարտ, 2018 07:55
Արմեն Գրիգորյան. «Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողներն առիթի դեպքում կլքեն խորտակվող նավը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում ապրիլի 9–18–ն ընկած ժամանակահատվածի և այդ ընթացքում հնարավոր զարգացումների մասին է խոսվում: Նշված ժամանակահատվածում գործող նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի իշխանության չի լինելու: Ի դեպ՝ շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությունն այս առումով տագնապի մեջ է ու որոշակի անհանգստություն ունի: Այդ անհանգստությամբ է բացատրվում նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում ուժեղացված հսկողությունը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով վերոնշյալին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Ոչ թե իշխանությունը, այլ ավելի շատ Սերժ Սարգսյանը, ով Սահմանադրություն փոխեց, որ վերարտադրի իր իշխանությունը և մնա իշխանության մեջ: Եվ այդ մի քանի օրվա ընթացքում, ինչպես յուրաքանչյուր ավտորիտար ռեժիմում, կարող է ցանկացած զարգացում լինել: Այնպես չէ, որ բոլորն ուզում են, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: Վերջերս յուրաքանչյուր ՀՀԿ–ական, որտեղ միկրոֆոն է տեսնում, ասում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց իրականում նրանք դա կասեն ցանկացած մեկի մասին՝ լինի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր–Պետրոսյանը: Յուրաքանչյուրն, ով իշխանության գա, կասեն, որ նա անփոխարինելի է, բայց ցանկացած առիթի դեպքում կարող են լքել խորտակվող նավը: Այս առումով կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն անհանգստացած է և փորձում է ամեն ինչ անել, որ հանկարծ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը դուրս կգա իր վերահսկողությունից, որովհետև նա հասկանում է, որ առանց պաշտոնի Հայաստանում շատ դժվար է քաղաքական ուժեղ դերակատարություն ունենալ»:

Իսկ թե այս փուլում որքանո՞վ է հնարավոր, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Օրինակ, եթե այնպիսի իրավիճակ լինի, որ փողոցում 5 կամ 10 հազար մարդ լինի, և պահանջը լինի Սերժ Սարգսյանի հեռանալը, ապա իրավիճակն ամբողջովին կարող է փոխվել: Եթե փողոցում մարդ լինի, միանշանակ, իշխանության ներսում էլ տարաձայնությունները կավելանան: Սա կարող է կարևոր ազդեցություն ունենալ, որ Սերժ Սարգսյանն այլևս չվերադառնա»:

Քաղաքագետը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե հասարակությունը փողոց դուրս գալու ցանկություն չունի:

«Չեմ կարծում, որ պայքարելու ցանկություն չկա: Եթե աշխատանք տարվի ցանկացած ուժի կողմից, կարծում եմ, որ հանրությունը պատրաստ է պայքարի: Պարզապես պետք է աշխատանք տանել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տրամադրություններին, ապա դրանք կարող են փոխվել: Եթե առաջին հինգ կամ հազար մարդը հավաքվի, հանգամանքը կարող է ինդիկատիվ էֆեկտ ունենալ, և ինչ–որ մի պահ նույնիսկ շատերը, ովքեր ասում էին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, մոռանան իրենց ասածների մասին: Ավելին՝ նրանք, ովքեր ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, առաջինն են ասելու, որ փոխարինելի է և ավելի լավ է, որ Սերժ Սարգսյանը հետ չգա: Նրանք առաջինը կասեն դա, եթե հայաստանյան քաղաքական դասավորվածությունը նման իրավիճակում հայտնվի»:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի շուրջ Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությանը, ու հարցին, թե այս առումով նոր անակնկալներ կարո՞ղ են լինել, քաղաքագետը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ դառնա վարչապետ:

«Եթե լինի ինչ–որ պայքար ու Սերժ Սարգսյանից պահանջվի, որ նա հեռանա, ապա համոզված եմ, որ նա կհեռանա: Եթե նման պահանջ չլինի, ապա նա միանշանակ փորձելու է ամեն ինչ անել վարչապետ դառնալու համար: Նույնիսկ օրենքներն է այնպես նախագծել, որը հուշում է նրա՝ հենց վարչապետ դառնալու ցանկության մասին: Օրինակ է կառավարության նիստերը դռնփակ դարձնելու դրույթը: Անակնկալ կլինի այն դեպքում, երբ լուրջ ու ձևավորված պահանջ լինի»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին ու արտաքին ուժերի պահանջների հավանականությանը, նա նկատեց. «Օրինակ, եթե Հայաստանում պայքար լինի, միջազգային հանրությունն իր վերաբերմունքը կփոխի: Միջազգային հանրությունն, առհասարակ, իրավիճակի դասավորվածությանն է արձագանքում»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին