Կարևոր իրադարձություններ

Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք. «Հրապարակ»

15 Մարտ, 2018 09:45
Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։ Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։ ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2017 թվականի տարեկան հայտարարագիր։ Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է եւ կարող է դասվել մեծահարուստների շարքին։

Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ եւ 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։ Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար եւ «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։ 2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ եւ 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ եւ **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։

Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի եւ ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է եւ բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին