Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը վերաբացում է Մարտի 1-ի գործը. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2018 08:35
Սերժ Սարգսյանը վերաբացում է Մարտի 1-ի գործը. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի սպանդից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տեւական ժամանակ տաբու էր դրված: Բայց այդ իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ` նախ խորհրդարանում այդ թեմայով անցկացվեցին լսումներ, ԱԺ առաջիկա քառօրյայում էլ նախատեսված են այդ թեմայով «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե ինչ է անելու դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, ինչի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր իր դիմումում: Ի պատասխան մեր հարցման` դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ այդ զեկույցը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ այն վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: Ստացվում է՝ իշխանությունները համաձայնել են իրավական քննության առարկա դարձնել ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման թեման` կասկածի տակ դնելով այդ օրերին գործող իշխանության քայլերի օրինականությունն ու սահմանադրականությունը, մանավանդ, որ նախկին փաստահավաք խմբի անդամներն անառարկելի փաստեր ու հիմնավորումներ էին ներկայացրել:

Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ. ե՛ւ ԱԺ-ում լսումները, ե՛ւ հիմա դատախազության քայլը չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու ստացվում է՝ Սերժ Սարգսյանը, որ դեռ 2011թ. ապրիլին «Հայ ազգային կոնգրեսի» պահանջով հանձնարարել էր վերանայել Մարտի 1-ի գործը, նորից վերաբացում է այդ թեման:

Այն ժամանակ այդպես էլ առարկայական քայլեր չարվեցին: Բայց հիմա միայն փաստահավաք խմբի զեկույցն ուսումնասիրության առարկա դարձնելը կարեւոր իրողություն է: Հավանաբար սա արվում է նաեւ սլաքները Ռոբերտ Քոչարյանի կողմն ուղղելու եւ պատասխանատվությունը նրա վրա դնելու համար. չէ՞ որ այդ օրերին ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, հետեւաբար բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել նրա հրամաններով:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը՝ այսօրվա ընդդիմադիր գործիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին