Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի փոխվարչապետը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին

13 Մարտ, 2018 16:24
Թուրքիայի փոխվարչապետը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում  «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում 1 ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։

Բոզդաղի խոսքով՝ մինչ այժմ Աֆրինում սպանվել է  42 թուրք զինվոր, 202-ը՝ վիրավորվել։ Դրանից զատ Սիրիայի քրդական ուժերի կողմից  թուրքական սահմանամերձ քաղաքների հրետակոծման հետևանքով 7 խաղաղ բնակիչ զոհվել, 125 հոգի էլ վիրավորվել են:
 
Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ Աֆրինում քրդական ուժերն ունեն 3381 զոհ։ Ներկա դրությամբ Թուրքիայի զինուժը Աֆրինում վերահսկողություն է սահմանել 202 շրջանի նկատմամբ, որոնցից 37-ը ունեն ռազմավարական նշանակություն։

Թուրք պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ մարտի 19-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնելու է ԱՄՆ, որտեղ ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը:

Նա հաստատել է Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան ձեռք են բերել պայմանավորվածություն, որ քրդերը պետք է դուրս գան Մանբիչից։

Նրա խոսքերով, որ Թուրքիան շատ հստակ կերպով ներկայացրել է իր սպասելիքները քրդերի հարցում։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին