Կարևոր իրադարձություններ

«Ակօս»-ը անդրադարձել է պոլսահայ ակտիվիստ, մտավորական, ցեղասպանությանը զոհ գնացած Մարի Բեյլերյանին

13 Մարտ, 2018 11:26
«Ակօս»-ը անդրադարձել է պոլսահայ ակտիվիստ, մտավորական, ցեղասպանությանը զոհ գնացած Մարի Բեյլերյանին

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ անդրադարձել է պոլսահայ ակտիվիստ, մտավորական, ցեղասպանությանը զոհ գնացած հայ կանանցից Մարի Բեյլերյանին:
Վկայակոչելով ստամբուլահայ ժամանակակից գործիչ Գայուշ Չալըքմանի  «Կանայք միշտ էլ կային/Թուրքիայի ձախակողմյան շարժումներից կանանց դիմանկարներ» զեկույցը՝ պարբերականը ներկայացրել է 1915-ի մոռացված զոհերից Բեյլերյանի կյանքի ու ստեղծագործական ուղին:
Իր զեկույցում Գայուշ Չալըքմանը նշում է, որ Մարի Բեյլերյանը 19-րդ դարի վերջին գործունեություն ծավալած հայ մտավորական ու ակտիվիստ կանանցից երևի թե ամենաքիչ հայտնին է: 1915-ի ապրիլին մահվան ճամփորդության դուրս բերված հայ մտավորականների անունները, կարծես, ամբողջովին հայտնի են և հաճախ են շրջանառվում: Այս շահարկվող ցուցակում ոչ մի կնոջ անուն չկա: Բախտի բերմամբ վերջին պահին փրկված Զաբել Եսայանը, կարծես, աքսորված մտավորականների ցուցակում միակ կինն էր: Կար նաև Սիբիլը, ում անունը թեև ցուցակում նշված չէ, սակայն ամուսնու հետ միասին կարողացավ հրաշքով խուսափել ողբերգությունից: Ցեղասպանությանը զոհ է գնացել նաև Մարի Բեյլերյանը: 

Չալըքմանը նաև մեջբերել է հենց Մարի Բեյլերյանի գրչին պատկանող նկատառումը՝ հայ պատմության մեջ կանանց դերի ու դրանց անդրադարձերի մասին:
«Խորենացին, Գոշը, Եղիշեն ու մեր բազմաթիվ հայ պատմաբաններ այնքան խորին հարգանքով են խոսում իրենց ժամանակների կանանց մասին, որ կոտրվում է այն միտքը, թե մեր պատմության մեջ հայ կանանց այդքան էլ կարևորություն չի տրվել: Կարծում եմ, որ չափազանցված են ժամանակակից հասարակության այն մտքերը, թե հայ կանանց դերը հնում փոքրացվել է: Սակայն մեր պատմաբանները հիմնականում խոսել են ազնվական տիկնանց մասին՝ ինչպես թագավորների կանայք էին, և, իհարկե, նրանց մասին խոսելիս չէին կարող վերջիններիս ազնվական դիրքին վնասող որևէ արտահայտություն անել: Սակայն ժողովրդի միջից դուրս եկած հասարակ կանանց դասի մասին նախընտրել են լռել», - ժամանակին գրել է Բեյլերյանը:

«Ցեղասպանության զոհերից մեկը եղած Մարի Բեյլերյանը կարևոր դեր է ստանձնել հայ ժողովրդի քաղաքական ու գրական կյանքում, սակայն, ցավոք, նրա անունը մոռացության է մատնվել պատմության էջերում»,- շարունակում է Չալըքմանին մեջբերել «Ակօս»-ը՝ ներկայացնելով պոլսահայ կին ակտիվիստի կյանքը:

Մարի Բեյլերյանը ծնվել է 1877 թվականին, Կ.Պոլսի հայաշատ Բեշիկթաշ շրջանում: 
Ըստ Չալըքմանի՝ թեև որոշ աղբյուրներում նշվում է Բեյլերյանի՝ «Եսայան» վարժարանում ուսանած լինելու մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, Բեյլերյանը «Նարեկյան» վարժարանի շրջանավարտն էր, որի նույն շենքում այսօր գործում է «Եսայան»-ը:
Հայտնի է, որ վերջինս եղել է 1895-ի «Բաբը Ալիի» նշանավոր բողոքի ցույցի կազմակերպիչներից՝ ելույթ ունենալով հեղափոխության կոչով: Խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից՝ սկզբում ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ: 1902-1903 թվականներին այստեղ հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդեսը, որը կանանց իրավունքների պաշտպանության կոչով առաջին հայկական պարբերականն էր: Ավելի ուշ՝ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում և Թոքատում (պատմական Եվդոկիա) զբաղվել է ուսուցչությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին