Կարևոր իրադարձություններ

Կոմիտա՞սը, թե Արմենչիկը. ո՞րն է մեր դեմքը. «Փաստ»

13 Մարտ, 2018 08:15
Կոմիտա՞սը, թե Արմենչիկը. ո՞րն է մեր դեմքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Բաբայան, հասարակությունը կրկին զարմացավ, հետո զայրացավ ու քննարկեց հերթական մեդալակիրներին՝ մասնավորապես Դիանա Գրիգորյանին: Ի՞նչ երևույթի ենք ականատես լինում: Հաշվի առնելով նախորդ մեդալակիրներին, զարմանալու առիթ, ըստ էության, չպետք է լիներ:

– Չէ: Քանի դեռ մարդը զարմանում է՝ ապրում է: Դա լավ է, որովհետև եթե դադարի զարմանալ, կյանքն անհետաքրքիր կդառնա: Մեծ իմաստ չեմ տալիս ո՛չ կոչումներին, ո՛չ շքանշաններին: Դրանք ավելի շատ բնորոշ են ավտորիտար համակարգերին, երբ պետությունը փորձում է որոշակի շրջանակների մեջ պահել անձանց և թելադրել իր արժեքային համակարգը, որը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին՝ այդ ամենի հետ ծանոթացա աղմուկի արդյունքում, որովհետև սերիալներ չեմ դիտում: Այստեղ ավելի կարևոր հարց կա, որովհետև, բոլոր դեպքերում, «Մովսես Խորենացի» մեդալը նախատեսված է մշակույթով զբաղվող մարդկանց գնահատելու համար: Իսկ ի՞նչ է մեզ համար մշակույթը, որպես ի՞նչ ենք այն ընկալում: Ժամա՞նց է, կոմերցիա՞, ի՞նչ գումար է նա բերում, ի՞նչ ռեյտինգ ունի: Թե՞ մշակույթն ունի այլ չափորոշիչներ: Կոչումների և պարգևների հարցում գալիս են պետության կողմնորոշիչները: Ի՞նչն է պետությունն առաջնային համարում: Կարծում եմ՝ այստեղ մեծ խառնաշփոթ կա: Զուտ մասսայական մշակույթ, ժամանց… «Արվեստի և մշակույթի կապիտալիզացիա» գաղափարախոսության մեջ սա տեղավորվում է: Աշխատելու հնարավորություն է տալիս, ռեյտինգ կա և այլն: Իսկ այլ կողմում կա, օրինակ, դասական երաժշտության քառյակ, որը ոչ մի եկամուտ չի բերում, հեռուստատեսությամբ չի ցուցադրվում, որովհետև ռեյտինգ չունի և այդ գաղափարախոսության մեջ անիմաստ է: Այստեղ շատ կարևոր է որոշել, թե ո՞րն է մեզ համար կարևորը: Այն, որ յուրաքանչյուրն իր ճաշակից ելնելով իր ուզածը պետք է ստանա՝ միանշանակ է, բայց կան բաներ, որոնց վրա պետությունն է իր ձեռքը դնում: Օրինակ՝ հովանավորում են սիմֆոնիկ նվագախումբը կամ թատրոնը, մնացածներն էլ թող իրենց պահեն: Այն կարևորագույն օղակները, որոնք տալիս են երկրի, ազգի ու քաղաքակրթության քո դեմքը, պետությունը պարտավոր է պահել: Մեծ խառնաշփոթ է: Պետությունը չպետք է պարգևատրի նրանց, ովքեր ներկայացնում են տարբեր խավերի ճաշակը: Երբ վերջապես որոշենք, թե որն է մեր դեմքը, Կոմիտասը՞, թե Արմենչիկը, շատ բան կհասկանանք: Կարող ենք, իհարկե, ասել, որ մեր դեմքը և՛ Կոմիտասն է, և՛ Արմենչիկը, բայց պետությունը հենց նրա համար է, որ ասի՝ Արմենչիկ կա, բայց Կոմիտասը մեզ համար ավելի կարևոր է:

– Իսկ պետության դիրքորոշումն իրական արվեստը ճանաչելի դարձնելու առումով որքանո՞վ է կարևոր:

– Մենք գիտենք, որ կոչումներ, պարգևներ տալու հրամանագրերը նախագահն է ստորագրում: Բայց որևէ երկրի նախագահ կամ վարչապետ չի կարող համարվել մշակույթի, կրթական և այլ ոլորտների շատ լավ մասնագետ, ով ունի նաև բացարձակ ճաշակ արվեստի բոլոր ճյուղերում: Ուրեմն՝ պետք է հանձնաժողով լինի, որը պետք է նման հարցերով զբաղվի ու կրի այն պատասխանատվությունը, թե ում է առաջարկում: Բայց չկա այդ կառույցը: Այստեղ ուրիշ բան կա: Ինչ–որ մեկի համար խնդրում են, ինչ–որ մեկին լավություն են անում, կամ ինչ–որ մեկը թելադրում է իր ճաշակը՝ ելնելով այն գաղափարախոսությունից, թե պիտանի է միայն այն, ինչը եկամուտ է բերում, իսկ այն, ինչը չի բերում, պետք չէ:

– Շատերը կարծում են, որ այսուհետ պատիվ չի բերի ինչ–որ մեդալով շնորհվելը, որովհետև այն այսուհետ արժեզրկված է:

– Ես ավելի թեթև եմ մոտենում հարցին: Եվ ստացողները, և նրանք, ովքեր մերժում են, իրականում մեծ արժեք են տալիս այսքան մեծ արժեք չներկայացնող երևույթին: Սա միայն մեր խնդիրը չէ՝ սա աշխարհում վաղուց կա: Այս համատեքստում վերջերս խորհուրդ տվեցի կարդալ Գի դը Մոպասանի «Պարգևատրվել է շքանշանով» պատմվածքը, որը նա գրել է մոտ 120 տարի առաջ: Պատմվածքում կտեսնեք, որ շատ ընդհանուր բաներ կան: Երբ համար մեկ համաշխարհային ահաբեկիչ Յասեր Արաֆաթը Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստանում, այստեղ էլ չէ՞ ինչ–որ բան կա: Կարծում եմ՝ հիմնական լուծումը չկարևորելն է: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան շքանշաններն ու դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը, և աղմուկի արդյունքում էլ տեղափոխվել այն նույն դաշտի մեջ՝ ինչն այդ մարդը քարոզում է իր սերիալներում: Եթե մենք բացարձակ հայհոյանքի և վիրավորանքի ենք անցնում, ցույց ենք տալիս, որ հենց այդ սերիալով դաստիարակված սերունդն ենք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին